Վարչապետի ավտոշարասյան ՃՈ մեքենայի վարորդը կրկին ձերբակալվել է

Վարչապետի ավտոշարասյան ՃՈ մեքենայի վարորդը կրկին ձերբակալվել է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետին ուղեկցող ավտոշարասյան վարորդի կողմից ապրիլի 26-ին հղի կնոջ վրաերթի գործով վարորդը կրկին ձերբակալվել է, նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացվել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը, որը քրգործով վարույթի ընթացքում ներկայացնելու է տուժող Սոնա Մնացականյանի իրավահաջորդ հանդիսացող նրա հոր՝ Մնացական Մնացականյանի օրինական շահերը։

«Վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել ուղեկցող ՃՈ ավտոմեքենայի վարորդին ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահը) և 244-րդ հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին, վարորդը դարձյալ ձերբակալվել է։ Նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։

Տուժող կողմը հետևողական է լինելու Սոնա Մնացականյանի դաժան վրաերթի, անօգնական վիճակում թողնելու հանգամանքների բացահայտմանը, այդպիսով նաև նրա մահվան համար մեղավոր բոլոր անձանց քրեական պատասխանատվության անխուսափելիությանը հասնելու ուղղությամբ»,-ասվում է գրառման մեջ։

Ապրիլի 26-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, խաչմերուկում ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարը «Տոյոտա Պրադո» մեքենայով վրաերթի է ենթարկել Արարատի մարզի 28-ամյա բնակչուհուն, որի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով վերջինս տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է։

Նշված մեքենայի վարորդը դեպքից հետո թողել է ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել կատարվող քննչական գործողություններին: Վերջինս ձերբակալվել էր, հետո ազատ արձակվել։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---