Անդրեասյան․ Մանկավարժությունը թողնելու հարցը հատկապես սուր է 4-12 տարվա ստաժ ունեցող ուսուցիչների մոտ

Անդրեասյան․ Մանկավարժությունը թողնելու հարցը հատկապես սուր է 4-12 տարվա ստաժ ունեցող ուսուցիչների մոտ

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ուսուցչի աշխատանքը չթողնելու խթանների ստեղծման խնդրին, նշել է, որ մանկավարժությունը թողնելու հարցը հատկապես սուր է 4-12 տարվա ստաժ ունեցող ուսուցիչների մոտ։

Նա նշել է, որ ամեն 6–րդ ուսուցիչն աշխատանքը թողնելու ցանկություն է ունենում, որ իրագործում է, իսկ համավարակից հետո՝ ամեն 4–ից մեկը։

«Հաճախ խոսելով ուսուցիչների պակասի մասին՝ մենք շեշտադրում ենք այն հանգամանքը, որ երիտասարդները հազվադեպ են ուսուցչի մասնագիտությունը ընտրում։ Բայց ոչ պակաս կարևոր է արդեն ուսուցչի աշխատանքը ընտրած անձանց համար մանկավարժությամբ զբաղվելու և ուսուցչի աշխատանքը չթողնելու խթանների ստեղծումը։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ նույնիսկ մինչև համավարակը ուսուցիչները մյուս ոլորտներում զբաղվածներից միջինում երեք անգամ ավել են այսպես կոչված մասնագիտական այրման նշաններ ունենում, ինչը համադրելի է միայն առողջապահության ոլորտի բարձր սթրեսայնության աշխատանքների հետ։

Ամեն վեցերորդ ուսուցիչն աշխատանքը թողնելու ցանկություն է ունենում, որ իրագործում է։ Համավարակից հետո արդեն այս ցուցանիշը դարձել է ամեն չորս ուսուցչից մեկը»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ ուսուցիչների լավակեցությունը պետք է դառնա ուսուցիչների մասնագիտական շարունակական զարգացման քաղաքականության մաս։

«Ընդ որում, սա մի խնդիր է, որին աշխարհի երկրները նոր են առնչվում։ Պատրաստի լուծումներ և մեխանիզմներ չկան»,-գրել է փոխնախարարը՝ հավելելով, որ պատրաստ է լսել ուսուցիչների կարծիքներն այս մասին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---