Նախագիծ․ ԱՊՊԱ չունեցողների տուգանքը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 50,000 դրամը

Նախագիծ․ ԱՊՊԱ չունեցողների տուգանքը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 50,000 դրամը

PanARMENIAN.Net - Առաջին ընթերցմամբ ԱԺ-ում քննարկվող Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացում նախատեսող օրենքի նախագծով առաջարկվում է, որ ԱՊՊԱ չունեցող անձանց տուգանքը տարվա ընթացքում չգերազանցի 50,000 դրամը։

Оրենքի նախագիծը ներկայացրել է ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Ըստ գործող կարգի, նախատեսված է, որ ԱՊՊԱ չունեցող անձը յուրաքանչյուր 10 օրվա համար պետք է տուգանվի 5000 դրամի չափով, բայց ոչ ավելի, քան տարին 100,000 դրամը, ինչը նշանակում է, որ ԱՊՊԱ չունեցող անձը տարվա մեջ 20 անգամ կարող է տուգանվել:

Անհամաչափ համարելով այս կարգավորումը՝ հեղինակներն առաջարկում են կատարել փոփոխություն, ըստ որի՝ ԱՊՊԱ չունեցող անձանց տուգանքը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 50,000 դրամը:

Այդ նպատակով առաջարկվում է ամրագրել, որ այդպիսի վարչական իրավախախտում կատարած անձը լիազորված մարմնի կողմից իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում, եթե վերացնում է իրավախախտման հատկանիշները, ապա նա ազատվում է նշանակված տուգանքի 75 տոկոսի չափով վճարման պարտականությունից, եթե այդ մասին նույն ժամանակահատվածում լիազորված մարմնին ներկայացնում է համապատասխան ապացույց (ներկայացնում է տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող կամ ներկայացման պահից 24 ժամվա մեջ ուժի մեջ մտնող պայմանագիր):

Սա նշանակում է, որ տվյալ անձը կտուգանվի ընդամենը 25,000 դրամի չափով, եթե 24 ժամվա ընթացքում կնքի ԱՊՊԱ պայմանագիր:

Առաջին ընթերցմամբ քննարկվող օրենսդրական նախաձեռնությունը հեղինակել են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանը և Լիլիթ Կիրակոսյանը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---