Նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների գործով 2 դատապարտված կա՝ 3 և 6 տարով

Նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների գործով 2 դատապարտված կա՝ 3 և 6 տարով

PanARMENIAN.Net - Դատարանը մեղավոր է ճանաչել 2020-ի նոյեմբերի 9-ի գիշերը զանգվածային անկարգությունների ևս երկու մասնակցի՝ նրանց դատապարտելով 3 և 6 տարվա ազատազրկման։

Անրրի Սեդոյանը դատապարտվել է 3 տարվա կալանքի, իսկ Կարեն Մարությանը՝ 6 տարվա ազատազրկման։

Ազատազրկման դատապարտված անձինք, ըստ մեղադրանքի, գույք են ոչնչացրել ու տարբեր իրեր հափշտակել՝ ապօրինի մուտք գործելով կառավարության շենք, տեղեկացնում է «Ազատությունը»։

Կալանքի տակ գտնվող 48-ամյա Անրրի Սեդոյանի պաշտպանը դեռ չի քննարկել՝ կբողոքարկի երեք տարվա ազատազրկման որոշումը վերաքննիչ ատյանում, թե ոչ։ Արսեն Մկրտչյանն ասել է, որ որոշումն ուժի մեջ մտնելուց մի քանի ամիս անց պաշտպանյալն ազատ կարձակվի։

«Ես, ճիշտն ասած, այլ պայմաններում, իհարկե, բոլոր դեպքերում կբողոքարկեի այս դատական ակտը, և դեռևս քննարկումների մեջ եմ, որովհետև իմ պաշտպանյալն, իմ կարծիքով, իմ համոզմամբ, զանգվածային անկարգությունների չի մասնակցել։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ մի տարի երեք ամիս արդեն կալանքի տակ է, իսկ հուլիսի փոփոխություններով էդ հոդվածը նախատեսում է մեկ երրորդով վաղաժամկետ ազատում, դրա համար կարող է իմ պաշտպանյալը որոշում կայացնի, որպեսզի հրաժարվի վերաքննիչ բողոք տանելուց», - ասել է Մկրտչյանը։

Փաստաբանի խոսքով՝ դատարանը պաշտպանյալին մեղավոր է ճանաչել զանգվածային անկարգության և կառավարության աշխատակիցներից մեկի բաճկոնը հափշտակելու համար։ Նա ասել է, որ հետագայում այն վերադարձվել է տիրոջը։ Մեկ այլ դրվագով դատարանն արդարացրել է երկու մեղադրյալներին էլ։

Անրրի Սեդոյանը նաև 500,000 դրամ տուգանք կվճարի։

Դատարանը մերժել է դատախազության ներկայացրած մոտ 2 մլն դրամի պահանջը։

Նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործերով ավելի քան 50 մեղադրյալ է անցնում, մոտ մեկ տասնյակ մարդ արդեն դատապարտվել է տարբեր պատժաչափերով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---