ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել «Վեոլիա Ջրից» Սյունիքում խմելու ջրի մատակարարման խափանումների մասով

ՄԻՊ-ը պարզաբանում է պահանջել «Վեոլիա Ջրից» Սյունիքում խմելու ջրի մատակարարման խափանումների մասով

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն գյուղերում պատշաճ ջրամատակարարում չի իրականացվում` կան թաղամասեր, որտեղ խմելու ջուր մատակարարվում է 2-3 օրը մեկ հաճախականությամբ։ Այդ մասին հայտնել է ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը։

Սյունիքի մարզի Գորիս, Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն բնակավայրերում խմելու ջրի մատակարարման խափանումների պատճառների, ինչպես նաև խնդրի կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների վերաբերյալ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից։

«Նշվում է, որ Սյունիքի մարզի նշված բնակավայրերում խմելու ջրի մատակարարման խնդիրը Պաշտպանի հաստատության կողմից արձանագրվել է դեռևս 2021 թվականի օգոստոսին։ Այդ ժամանակ «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից ստացվել են պարզաբանումներ այն մասին, որ 2022 թվականի ընթացքում նախատեսվում է տարածաշրջանի ջրամատակարարման ընդհանուր համակարգի բազմաթիվ հանգույցներում տեղադրել ճնշման կարգավորիչ փականներ։

Նշել էին, որ աշխատանքները սկսվել են Գորիս քաղաքից և կշարունակվեն Տեղ, Կոռնիձոր, Արավուս և Քարաշեն գյուղերում, որոնց ավարտից հետո ջրամատակարարումը կբարելավվի։

Հաշվի առնելով, որ խնդիրը զանգվածային է և կրում է շարունակական բնույթ՝ Մարդու իրավունքների պաշտպանը մտահոգիչ է համարում ստեղծված իրավիճակը։ Անթույլատրելի է, որ հատկապես ամռան տապին մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից»,-ասվում է հաղորդագրության մեջ։ ‌

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---