Կրթության մինչև 2030-ի զարգացման ծրագրով նախատեսվում է ակադեմիական քաղաք ստեղծել

Կրթության մինչև 2030-ի զարգացման ծրագրով նախատեսվում է ակադեմիական քաղաք ստեղծել

PanARMENIAN.Net - Գործադիրը հավանություն է տվել ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրին, օրենսդրական նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողով։

Ռազմավարության կարևոր կետ է ակադեմիական քաղաքի ստեղծումը։

Նիստը վարող փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշել է․ «Ակադեմիական քաղաքն իր բնույթով, ֆիզիկական ենթակառուցվածքներով և բովանդակությամբ պետք է նոր չափորոշիչ սահմանի ոչ միայն ՀՀ մասշտաբներով, այլև պետք է հնարավորինս հասանելի լինի մեր սփյուռքի հայրենակիցների և իհարկե, միջազգային ուսանողների համար»:

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը, ներկայացնելով ՀՀ կրթության ոլորտի զարգացման գերակայությունները, նշել է, որ կրթության ոլորտի զարգացման վերջին պետական ծրագիրն ընդունվել է 2011թ.:

Նա նշել է, որ կրթության համակարգի առաքելությունն է բացահայտել և հնարավորինս զարգացնել յուրաքանչյուրի տաղանդները՝ ընդլայնելով իր երկրում՝ սեփական բարեկեցությունն ապահովելու անհատի հնարավորությունները, որի երաշխավորը պետք է լինեն մրցունակ տնտեսությունն ու կայուն պետությունը: Ծրագրի վերջնանպատակն է՝ ձևավորել ազգային և համամարդկային արժեքների վրա հիմնված, ՀՀ զարգացմանը միտված արդյունավետ և մրցունակ կրթական համակարգ:

Փոխվարչապետ Մաթևոսյանը նշել է, որ նախագիծը բավական ծավալուն է և շատ կարևոր է, որ առաջիկայում դրա շուրջ քննարկումները շարունակվելու են Ազգային ժողովում։

«Մենք մի քանի կարևոր չափանիշներ ենք սահմանել՝ նախ, պետք է իրականացնենք մեր նախընտրական խոստումները և այս դեպքում արդեն իսկ Կառավարության 2021-2026թթ. ծրագիրը: Մեզ համար, իհարկե, շատ կարևոր է, որ ուսման վարձավճարի պատճառով բարձր առաջադիմություն և պատշաճ վարքագիծ դրսևորող որևէ ուսանող չզրկվի մասնագիտական և բարձրագույն կրթություն ստանալու հնարավորությունից, և որ կրթական ծառայությունները պետք է մատչելի լինեն Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար իր իսկ բնակավայրում: Հենց այս խնդիրը թիրախավորելու համար ունենք մեկ այլ ծրագիր. խոսքը վերաբերում է, ինչպես տեղյակ եք, 300 դպրոցների և 500 մանկապարտեզների մեծածավալ շինարարական աշխատանքներին, որոնք այս պահին էլ ընթանում են ՀՀ բոլոր մարզերում, նաև Երևան քաղաքում»,-ասել է նա:

ՀՀ կրթության մինչև 2030թ. զարգացման պետական ծրագրին անդրադարձել է նաև Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Առաջին հայացքից այն մարդը, ով պատահական վերցնի այս փաստաթուղթը և կարդա, կմտածի, որ 8 տարվա ընթացքում բավական բարդ է այս նպատակներին հասնելը: Բայց վերջին 4 տարում կրթության ոլորտում արվող քայլերին ծանոթ մարդը կհասկանա, որ մենք շատ ուղղություններով արդեն բավական աշխատանք կատարել ենք։ Ըստ էության, այս փաստաթղթում մենք ամփոփել ենք և դարակներում շարել ենք բոլոր ուղղություններով արվող աշխատանքը և ամփոփ մեր տեսլականն ենք ներկայացնում, թե 2030 թվականին ինչ պատկեր ենք ունենալու»,-ասել է նա։ ‌

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---