Բուսաբանության ինստիտուտ․ Ձուլարանը բացասաբար ազդեցություն կունենա Ավանի օդային ավազանի վրա

Բուսաբանության ինստիտուտ․ Ձուլարանը բացասաբար ազդեցություն կունենա Ավանի օդային ավազանի վրա

PanARMENIAN.Net - ԳԱԱ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի տնօրինությունը իր բացասական վերաբերմունքն է հայտնել «Քոփփեռ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված՝ Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Աճառյան 2-րդ փակուղի հասցեում նախատեսվող ձուլման տեղամասի կառուցման թույլտվություն ստանալու վերաբերյալ:

Ինստիոտուտը նշել է, որ ձուլարանը իր բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Ավան համայնքի օդային ավազանի այլև այգու էկոհամակարգի վրա:

«Ձուլման տեղամասում նախատեսվում է գունավոր մետաղների ջարդոններից պղնձի, ալյումինի ու դրանց համաձուլվածքների ձուլակոճղեր ու ձուլածոներ ստանալ: Շրջակա միջավայրի նախարարի հաստատած վտանգավոր թափոնների ցանկի համաձայն՝ չտեսակավորված պղնձի ջարդոնը պատկանում է վտանգավորության 3-րդ դասին:

Լուրջ վտանգի տակ է Երևան քաղաքի օդային ավազանը, որն առանց այն էլ, պաշտոնական տվյալների համաձայն, թույլատրելիից մի քանի անգամ ավելի աղտոտված է: Ձուլարանի շահագործման հետևանքով մթնոլորտ կարտանետվեն կախված մասնիկներ, ածխածնի օքսիդ, ազոտի օքսիդներ, ալյումինի օքսիդ, պղնձի օքսիդ տարեկան ընդհանուր՝ 0,397 տ։ Արդյունքում մթնոլորտի աղտոտվածությունը Ավան համայնքում կբարձրանա, բայց արդեն ավելի վտանգավոր միացություններով։

Երևանի բուսաբանական այգին Երևան քաղաքի եզակի այն կանաչապատ հանրային տարածքներից է, որտեղ մարդիկ գալիս են մաքուր օդ շնչելու և իրենց հանգիստը կազմակերպելու համար։ Սակայն նախատեսվող ձուլարանը գտնվելու է Երևանի բուսաբանական այգուց ընդհամենը 2 կմ հեռավորության վրա։ Ինչը նշանակում է, որ ձուլարանը իր բացասական ազդեցություն կունենա ոչ միայն Ավան համայնքի օդային ավազանի այլև այգու էկոհամակարգի վրա»,-ասվում է հայտարարության մեջ։

«Քոփփեռ» ՍՊԸ-ն կրկին փորձում է թույլտվություն ստանալ Աճառյան 2 փակուղի հասցեում թունավոր արտանետմամբ մետաղաձուլարան կառուցելու համար, որտեղ ջարդոններից ստանալու են մետաղական ալյումին և պղինձ, ինչպես նաև բրոնզի ու լատունի ձուլվածքներ: Ընկերությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման նոր հայտ է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։

2021 թ. սեպտեմբերին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել Ավանում ձուլարան կառուցելու՝ «Քոփփեռ» ՍՊԸ-ի նախագծին: Ըստ փորձաքննության եզրակացության` պարզվել է, որ սանիտարական պաշտպանիչ գոտու համապատասխան հեռավորությունը բնակավայրերից պահպանված չէ: Բացի դրանից՝ գնահատման հաշվետվությունում չեն ներկայացվել ածխածնի օքսիդի և ալյումինի օքսիդների արտանետումների համար ցրման հաշվարկի արդյունքները:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---