Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Սարսանգի ջրամբարի օգտագործման հարցը

Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են Սարսանգի ջրամբարի օգտագործման հարցը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել՝ Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցների կողմից ԱՀ ներկայացուցիչների մասնակցությամբ Սարսանգի ջրամբար այցի մասին, որը հանրության շրջանում որոշակի մտահոգությունների և հարցերի պատճառ է դարձել:

Այդ կապակցությամբ Արցախի տեղեկատվական շտաբը մեկնաբանություն է տարածել՝ նշելով, որ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների կառավարման և հանրությանը մատակարարվող խմելու ու ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ ԱՀ ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021-ից շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ՝ Հանրապետության մի շարք համայնքներին (այդ թվում՝ Ստեփանակերտին) մատակարարվող խմելու և ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու և խնդիրների կարգավորման համար:

«Այդ շրջանակում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով: Տեղում մտքեր են փոխանակվել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի Հանրապետության վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը: Առաջիկայում քննարկումները կշարունակվեն և որոշումները կկայացվեն Արցախի Հանրապետության շահերից ելնելով՝ հիմք ընդունելով և՛ էլեկտրաէներգիայի արտադրության, և՛ ոռոգման կարիքները Սարսանգի հատվածում, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրերի հետ կապված կարիքները Հանրապետության այլ հատվածներում:

Թեև ըմբռնումով ենք մոտենում Արցախի Հանրապետության պետական մարմիններին ուղղված քննադատություններին, այդուհանդերձ, ցանկանում ենք հայտնել, որ Արցախի իշխանությունները որևէ իրադարձություն թաքցնելու նպատակ չեն հետապնդում, առաջնորդվում են բացառապես Արցախի Հանրապետության և արցախցու շահով՝ ստեղծված իրավիճակում նրբանկատորեն ձեռնարկելով հնարավոր բոլոր միջոցները՝ պետության և հանրության անվտանգության մակարդակը բարձրացնելու, լարվածություն ծնող երևույթները չեզոքացնելու ուղղությամբ»,- նշվում է մեկնաբանության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---