ԱՄՆ Սենատ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրինագիծ է ներկայացվել

ԱՄՆ Սենատ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրինագիծ է ներկայացվել

PanARMENIAN.Net - Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Սենատ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։

«Հպարտ եմ ներկայացնել Սենատի բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ռազմական հարձակման վերսկսումը և մարդկային կյանքի հանդեպ անհարգալից վերաբերմունքը։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ն վճռական գործողություններով ամրապնդի իր աջակցության խոսքերը՝ դադարեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին»,-ասվում է գրառման մեջ։

Ներկայացված բանաձևը երկկուսակցական է։

«Երկու կուսակցությունների անդամների հեղինակած օրինագիծը կոչ է անում անմիջապես դադարեցնել անվտանգության ոլորտում ամերիկյան օգնությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին և դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը՝ պատերազմական հանցագործությունների համար»,-տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---