ԱՄՆ Սենատ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրինագիծ է ներկայացվել

ԱՄՆ Սենատ Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրինագիծ է ներկայացվել

PanARMENIAN.Net - Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումը դատապարտող օրինագիծ է ներկայացվել ԱՄՆ Սենատ։ Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում տեղեկացրել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը։

«Հպարտ եմ ներկայացնել Սենատի բանաձևը, որը դատապարտում է Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ռազմական հարձակման վերսկսումը և մարդկային կյանքի հանդեպ անհարգալից վերաբերմունքը։ Ժամանակն է, որ ԱՄՆ-ն վճռական գործողություններով ամրապնդի իր աջակցության խոսքերը՝ դադարեցնելով ռազմական օգնությունն Ադրբեջանին»,-ասվում է գրառման մեջ։

Ներկայացված բանաձևը երկկուսակցական է։

«Երկու կուսակցությունների անդամների հեղինակած օրինագիծը կոչ է անում անմիջապես դադարեցնել անվտանգության ոլորտում ամերիկյան օգնությունն Ադրբեջանին, ազատ արձակել հայ ռազմագերիներին և դիտարկել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հնարավորությունը՝ պատերազմական հանցագործությունների համար»,-տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի գրասենյակը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն
Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ
Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը
Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է
---