Չավուշօղլու․ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի գլխավոր կետերի շուրջ

Չավուշօղլու․ Բաքուն և Երևանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի գլխավոր կետերի շուրջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի գլխավոր կետերի շուրջ՝ մնում է դրանք իրագործել։

«Սկզբունքային կետերի շուրջ, դրանք 5-ն էին, պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այդ կետերի թվում են տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, սահմանազատումը և այլն։ Մնում է դրանք կյանքի կոչել»,- ասել է Չավուշօղլուն Tvnet հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորումը և Բաքվի ու Երևանի բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ չեն կարող առանձին ընթանալ։

«Մենք բազմիցս ենք այդ մասին ասել»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը։

Հարցին, թե արդյոք դա «կարմիր գիծ» է Թուրքիայի համար, Չավուշօղլուն դրական է պատասխանել։ Նա նաև հավելել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Պրահայում դրական մթնոլորտում է անցել՝ հավելելով, թե պաշտոնական Երևանի հանդեպ մեծ ճնշում կա ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքի կողմից։

Ավելի վաղ Չավուշօղլուն Ստրասբուրգում Ֆրանսիայի թուրքական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, թե Ֆրանսիայում հայկական սփյուռքի մի մասը դեմ է հանդես գալիս ՀՀ հարաբերությունների կարգավորմանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ և կոչ է արել պայքարել դրա դեմ։

Հոկտեմբերի 6-ին Պրահայում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Հանդիպումից հետո ասուլիսում Էրդողանն ասել է․ «Եղել են որոշ պահանջներ, այդ պահանջների վերաբերյալ մեր արտգործնախարարներին և հատուկ ներկայացուցիչներին հանձնարարություններ ենք տվել: Նրանք կհանդիպեն, այդ հանդիպումների արդյունքներով քայլեր կարվեն»: Թուրքիայի նախագահի հետ Հայաստան վարչապետի հանդիպումից հետո Հայաստանի կառավարության հայտարարության մեջ որևէ անդրադարձ չկա Հայոց ցեղասպանության թեմային:

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---