13 հոկտեմբերի 2022 - 18:48 AMT
Փաշինյան․ Մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագիծը պատրաստ կլինի 2023-ի վերջին, շինարարությունը կսկսվի 2024-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, կարևորելով Երևանի մետրոպոլիտենի հետագա զարգացումը, հույս է հայտնել, որ «Աջափնյակ» կայարանի շինարարությունը կսկսվի 2024-ին։

«Նա հիշեցրել է, որ մրցույթ է հայտարարվել, և Աջափնյակ վարչական շրջանում նոր կայարանի նախագծման աշխատանքները արդեն ընթացքի մեջ են։

«Նախագծման գործընթացի առաջին փուլը ավարտում ենք և, ըստ նախատեսվածի, 2023-ի վերջում կունենանք պատրաստի նախագիծ և հնարավորություն կունենանք արդեն շինարարության մրցույթ հայտարարել։ Պետք է արձանագրենք, որ հստակ որոշումը կայացրել ենք և պետք է գնանք այս ճանապարհով։ Ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում, հույս ունեմ ժամկետները չեն խախտվի, և 2024 թվականին պետք է սկսենք»,- ասել է Փաշինյանը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշել է, որ նախագծող ընկերության հետ պայմանագիրը կա, 3 փուլից է բաղկացած:

«Առաջին փուլում նախատեսված էին երկրաբանական, բնապահպանական, օդերևութաբանական հետազոտություններ: Ամբողջ նախագծի արժեքը 1 միլիարդ 848 միլիոն դրամ է: Կարծում ենք՝ բնականոն հունով կընթանա, 2024 թվականին կանցնենք շինարարությանը»,- նշել է նախարարը:

Կառավարությունը նաև որոշում է ընդունել մետրոպոլիտենի կարիքների համար թունելային հզոր օդափոխիչներ և ՍՊ-6 սլաքային փոխադրիչների պահեստամասերի ձեռք բերելու նպատակով: Հիմնավորման համաձայն՝ թունելային հզոր օդափոխության համակարգն ապահովում է մետրոյի թունելներում և կայարաններում մաքուր օդի ներհոսքը։ Արտակարգ և վթարային իրավիճակներում՝ հրդեհի կամ ծխահարության դեպքում, թունելի օդափոխության համակարգի նշանակությունը վճռորոշ է ուղևորների տարհանման համար։

Երևանի մետրոպոլիտենում տեղադրված բոլոր հզոր օդափոխիչները տեղադրվել են 1980 թ. և ծայրաստիճան մաշված են, ֆիզիկապես սպառել են իրենց ռեսուրսները։

ՍՊ-6 սլաքային փոխադրիչները տեխնիկական նորմատիվների համաձայն՝ ենթակա են վերանորոգման 5 տարի պարբերականությամբ։ Վերջին վերանորոգումը կատարվել է 2013թ., խախտվել է սլաքային փոխադրիչների հիմնանորոգման պարբերականությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի նախագծի ֆինանսավորումը հաստատվել է կառավարության մողմից։ ԱՆԻՖ-ն իր հերթին ներկայումս դիտարկում է տվյալ հատվածում առևտրային կենտրոնի կառուցման հեռանկարները` ստեղծելով պետություն-մասնավոր համագործակցության նոր հնարավորություններ։

2021-ի աշնանը հայտնի դարձավ, որ ռուսական առաջատար «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը հաղթել է Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում։ Այս մասին հայտնել է «Մետրոգիպրոտրանս» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վալերի Աբրամսոնը։ Միևնույն ժամանակ, ընկերությունը Հայաստանի կառավարությանը 500 մլն դոլար արժողությամբ մետրոպոլիտենի զարգացման նախագիծ է առաջարկել։