Չավուշօղլու․ ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա, իսկ Քըլըչը և Ռուբինյանը հեռախոսակապի մեջ են

Չավուշօղլու․ ԱԳ նախարարների հանդիպման պայմանավորվածություն չկա, իսկ Քըլըչը և Ռուբինյանը հեռախոսակապի մեջ են

PanARMENIAN.Net - Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Հայաստանի ու Թուրքիա ԱԳ նախարարների միջև հանդիպման հնարավորության մասին հարցին, ասել է, որ նման պայմանավորվածություն դեռևս չկա։ Նա այդ մասին խոսել է Թյուրքական պետությունների կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի արտահերթ նիստին հաջորդած ասուլիսում։

«Բայց արտգործնախարարների մակարդակով երկկողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ, թե որտեղ և երբ կլինի, դեռևս չենք որոշել։ Մենք միշտ պատրաստ ենք հանդիպել: Այստեղ խուսափելու ոչինչ չկա:»,- եզրափակել է Չավուշօղլուն, գրում է Ermenihaber-ը։

Ադրբեջանցի լրագրողը հիշեցրել է Չավուշօղլուի խոսքերը, ըստ որոնց պայմանավորվածություն է ձեռք բերվել հատուկ ներկայացուցիչների հանդիպումները Թուրքիայում և Հայաստանում անցկացնելու շուրջ։

«Պրահայում Փաշինյանի հետ հանդիպմանն այս հարցը ղեկավարների կողմից վերահաստատվել է: Հետևաբար, արդեն 3-րդ երկրներ գնալու կարիք չկա: Հատուկ ներկայացուցիչներ պարոն Սերդարը և Ռուբինյանը շարունակաբար հեռախոսակապի մեջ են: Նրանք իրար հետ կորոշեն՝ երբ Թուրքիայում հանդիպեն, երբ՝ Հայաստանում:

Այն հանդիպմանը (Պրահայի հանդիպումը) Փաշինյանը որոշ առաջարկներ է արել: Մեր նախագահն էլ ասաց, թող ԱԳ նախարարները, հատուկ ներկայացուցիչներն աշխատեն այդ ուղղությամբ և աշխատանքները ներկայացնեն մեզ: Սա առաջարկ էր, որին նաև Փաշինյանը կողմ եղավ»,- արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարը։

Նա շեշտել է, որ իրենք բոլոր հարթակներում՝ երկկողմ կամ եռակողմ, միշտ պատրաստ են հանդիպել:

Ավելի վաղ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը, անդրադառնալով Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումներն այսուհետ կանցկացվեն ՀՀ-ում և Թուրքիայում, ասել էր, որ Պրահայում հանդիպման ժամանակ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների՝ Թուրքիայում կամ Հայաստանում հանդիպելու վերաբերյալ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային կարգով քննարկել այդ առաջարկները»,-ասվում է մեկնաբանության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---