Զատուլինը՝ իր մուտքը ՀՀ արգելելու մասին․ Վիրավորական քայլ է

Զատուլինը՝ իր մուտքը ՀՀ արգելելու մասին․  Վիրավորական քայլ է

PanARMENIAN.Net - ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինն էլ. փոստով պաշտոնական նամակ է ստացել ՀՀ ԱԺ-ից, որով նրան իրազեկել են, որ իր մուտքը Հայաստան «անցանկալի է համարվում»։ Զատուլինն այդ մասին գրել է Տելեգրամի իր ալիքում։

Նա այդ քայլը վիրավորական է գնահատել։

«Ես դա գնահատում եմ որպես վիրավորական քայլ։ Անսպասելի էր մեզ համար, նամակ ստացանք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտաքին կապերի վարչության պետից։ Ասացին, որ իմ այցն անցանկալի է, իսկ իմ հայտարարությունները վնասում են Հայաստանի Հանրապետությանը»,–ասվում է գրառման մեջ։

Զատուլինի ստացած նամակում ասվում է․ «ՀՀ Ազգային ժողովի անունից հայտնում ենք Ձեզ, որ, ցավոք, վերջին շրջանի Ձեր հրապարակային հայտարարությունները ՀՀ հասցեին վնասում են մեր պետությունների միջև բարեկամական և դաշնակցային հարաբերությունների զարգացմանը։ Այդ կապակցությամբ հետագայում Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն համարվում է անցանկալի»։

Մեկ այլ հրապարակման մեջ Զատուլինը ներկայացրել էր նամակը, ուղղված ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ հոկտեմբերի 29-ին Ջերմուկ այցելելուն աջակցելու խնդրանքով։

Հոկտեմբերի 24-ին Զատուլինը նամակ է հղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ խնդրելով աջակցել իր և «Լազարյան ակումբի» անդամների այցին Ջերմուկ և արվարձաններ՝ նպատակ ունենալով ծանոթանալ ստեղծված իրավիճակին։

Ավելի վաղ «Հայկական ժամանակը» գրել էր․ ներխուժելով Հայաստանի ներքաղաքական կյանք՝ Զատուլինը մեկ անգամ չէ, որ բարձրաձայնել է, թե Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Զատուլինը հասցրել էր անգամ ՀՀ իշխանություններին մեղադրել հայ-ռուսական հարաբերությունների մեջ սեպ խրելու համար։ Իսկ Հայաստան կատարած վերջին այցելության ժամանակ «Երկիր Մեդիային» տված հարցազրույցի ընթացքում նա մեղադրել էր վարչապետին ՀՀ սուվերեն տարածքով «միջանցք» ստորագրելու համար։ «Հնարավոր միջանցքի շուրջ հարցերը պետք է տալ ստորագրողներին, «միջանցքը» ստորագրել է Փաշինյանը»,- ասել էր Զատուլինը»,-ասվում է հրապարակման մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---