Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում «Խաղաղություն Հայաստանին» պատարագ է մատուցվել

Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում «Խաղաղություն Հայաստանին» պատարագ է մատուցվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին Սանտա Մարիա Մաջորե պապական տաճարում Սուրբ Աթոռի Պետական քարտուղար (վարչապետ) Պիետրո Պառոլինի նախագահությամբ անցկացվել է «Խաղաղություն Հայաստանին» պատարագը, որը նվիրված էր Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին։

Արարողության ժամանակ ունեցած ելույթում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, շնորհակալություն հայտնելով Մարիամ Աստվածածնի վեհաշուք սրբապատկերի առջև Հայաստանում խաղաղության համար միասին աղոթելու հնարավորության համար, նշել է, որ ՀՀ-ն երբեք չի կորցրել մարդասիրության և համերաշխության բարձրագույն նպատակների հանդեպ իր հավատը:

«Հայ ժողովուրդն ու կառավարությունը մեծապես գնահատում են մեր հարաբերություններն ամրապնդելուն ուղղված Նորին Սրբության օրհնությունը, ինչպես նաև 2020թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում ու դրանից հետո, և հայ ժողովրդի դեմ սանձազերծված վերջին ագրեսիային հաջորդած շրջանում Ֆրանցիսկոս Պապի՝ խաղաղության կոչերը և համերաշխության ուղերձները։

Գրեթե երեք տասնամյակ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական կապերի պատմությունն առանձնանում են բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ, որը մշտապես զարգանում և խորանում է փոխադարձ ջանքերի շնորհիվ։ Այս ընթացքում տեղի են ունեցել բազմաթիվ կարևոր միջոցառումներ, որոնք ի ցույց են դնում դարերից եկող փոխգործակցության և ներկայիս միջպետական հարաբերությունների մակարդակը։

Ի թիվս այլոց, 2015թ․ ապրիլին Ֆրանցիսկոս Պապի կողմից մատցուված՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը նշանավորող Սուրբ պատարագը, որին ականատես է եղել ողջ աշխարհը, ինչպես նաև 2016թ․ հունիսին Սրբազան քահանայապետի` Հայաստան կատարած պատմական այցի տպավորությունները հավերժ կմնան մեր հիշողություններում և սրտերում։ Մենք շատ հպարտ ենք, որ հայ ժողովրդի զավակ և միջնադարյան մտքի հանճար Սուրբ Գրիգոր Նարեկացին «Տիեզերական եկեղեցու վարդապետի» կոչում ստացած 36 մեծագույն մտածողներից մեկն է, ում Ֆրանցիսկոս Պապը նաև անվանել է խաղաղության վարդապետ:

Եվ ահա, կարդինալ, պետական քարտուղարի նախագահությամբ այսօրվա արարողությունը քրիստոնեությունը 301-ին որպես պետական կրոն ընդունած երկրի՝ Հայաստանի հետ Սուրբ Աթոռի ամուր բարեկամության ևս մեկ վառ դրսևորում է»,-ասել է Միրզոյանը։

Նա նաև նշել է, որ Հայ առաքելական և Կաթոլիկ եկեղեցիների փոխգործակցության դարավոր պատմությունն արժեքավոր խթան է ներկայիս միջպետական կապերի զարգացման համար։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վատիկանում է պաշտոնական այցով։ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետական քարտուղար Պիետրո Պառոլինի հետ: Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրել է Հարավային Կովկասում անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումները:

Միրզոյանը հանդիպում է ունեցել Սուրբ Աթոռի պետքարտուղարի ընդհանուր հարցերով փոխանորդ (փոխվարչապետ) Էդգար Պենյա Պառայի և Սուրբ Աթոռի այլ բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Էդգար Պենյա Պառան պարգևատրվել է Բարեկամության շքանշանով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---