26 հոկտեմբերի 2022 - 17:52 AMT
Արցախի Սահմանադրության փոփոխության նախագիծն առաջին ընթերցմամբ կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում

Արցախի Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում, օրակարգային հարցերի շրջանակում քննարկվել է ԱՀ Սահմանադրության փոփոխության նախագիծը: Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, և 1-ին ընթերցմամբ այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում:

Նախագծով առաջարկվում է ամրագրել սահմանադրաիրավական փոփոխությունների իրականացման առավել ճկուն գործիքակազմ՝ այդ կերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակը, ներքին և արտաքին սպառնալիքները:

Սահմանադրաիրավական փոփոխությունների ճկունությունն ապահովելու նպատակով առաջարկվում է վերանայել Սահմանադրության փոփոխման եղանակներին առնչվող իրավակարգավորումները՝ անփոփոխ թողնելով գործող Սահմանադրության 163-րդ հոդվածը, համաձայն որի Սահմանադրության 1-4-րդ և 163-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:

Արդյունքում առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրությունը և Սահմանադրության 175-րդ հոդվածում «Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները» փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեցողների շրջանակը:

Նախագծով, միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, Հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսի նախաձեռնությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ: