Պուտին․ Վաշինգտոնյան տարբերակը ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, եթե ՀՀ-ն դա է ընտրում` խնդրեմ

Պուտին․ Վաշինգտոնյան տարբերակը ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում, եթե ՀՀ-ն դա է ընտրում` խնդրեմ

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի լիագումար նիստում, անդրադառնալով ԼՂ հիմնահարցին և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, խոսել է հակամարտության կարգավորման 2 տարբերակի մասին։ Նա նշել է, որ խաղաղության պայմանագիր, իհարկե, անհրաժեշտ է, և ՌԴ-ն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների խաղաղ կարգավորմանը և սահմանային հարցի լուծմանը, բայց որ տարբերակը ընտրել, դա արդեն Հայաստանի, հայ ժողովրդի և հայկական ղեկավարության գործն է։

Պուտինն ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։

«Այսպես կոչված վաշինգտոնյան տարբերակը, որքան ես եմ հասկանում, ենթադրում է ամբողջ Ղարաբաղի հանդեպ Ադրբեջանի ինքնիշխանություն։ Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության։ Եթե հայ ժողովուրդն ու Հայաստանը, Հայաստանի ղեկավարությունը կարծում է, որ Ղարաբաղն ունի իր առանձնահատկությունները, որ դրանք պետք է հաշվի առնել, ինչ-որ ձևով դա նշել ապագա խաղաղ պայմանագրում, ապա դա ևս հնարավոր է։ Բայց, անկասկած, պետք է պայմանավորվել Ադրբեջանի հետ, հարկավոր է, որ այդ պայմանավորվածություններն ընդունելի լինեն նաև մյուս կողմի՝ Ադրբեջանի, համար։ Դա բարդ և դժվար հարց է, բայց Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն ու դաշնակիցն է»,-ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։

Պուտինը նաև ասել է, որ տարիներ շարունակ երկխոսության մեջ է եղել հայկական կողմի հետ և առաջարակել է կարգավորել Ղարաբաղի հետ կապված հարցը։

«Հայաստանը, փաստացի, վերահսկում էր Ադրբեջանի 7 շրջանը։ Մենք ասում էինք՝ եկենք շարժվենք դեպի կարգավորում․․․ Մենք ասում էինք՝ տվեք 5 շրջանը, դրանք անիմաստ են, հարկավոր չեն, ամայի են․․․Իմաստ չկա դրանք պահելու։ Իսկ Ղարաբաղի հետ կապի համար պահպանել 2 շրաջնը՝ Քելբաջարինն ու ավելի հարավ ընկածը, ի դեպ, հսկայական շրջանները։ Մենք կարծում ենք, որ դա արդարացի կլիներ՝ վերադարձնել փախստականներին և այլն։ Դա լավ քայլ կլիներ իրավիճակը տարածաշրջանում ընդհանուր առմամբ կարգավորելու համար, սակայն ՀՀ ղեկավարությունն իր ճանապարհով գնաց։ Ինչպես հայտնի է, դա հանգեցրեց այն իրավիճակին, որ ստեղծվել է այսօր»,-ասել է Պուտինը։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։ Դիտորդներն արդեն Հայաստանում են։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---