Բակո Սահակյան․ Պետք է բացառել սխալներն ու սխալ հաշվարկները, որոնք անդառնալի հետևանքներ կունենան

Բակո Սահակյան․ Պետք է բացառել սխալներն ու սխալ հաշվարկները, որոնք անդառնալի հետևանքներ կունենան

PanARMENIAN.Net - Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը Երևանում «Լազարյան ակումբի» բացման ժամանակ ասել է, որ կան ուժեր, որոնք Կովկասի քաղաքական լանդշաֆտի վերաձևում, Ռուսաստանի դուրս մղում և հայոց պետականության ապամոնտաժում են ուզում, իսկ որպես հաջողության հասնելու առանցքային բաղադրիչ՝ ուզում են ոչնչացնել Լեռնային Ղարաբաղը։

«Դա չի կարելի թույլ տալ, և քանի դեռ հնարավորություն կա, անհրաժեշտ է համատեղ ջանքերով համապատասխան քայլեր ձեռնարկել։ Պետք է բացառել սխալներն ու սխալ հաշվարկները, որոնք անդառնալի հետևանքներ կունենան։ Պետք է դադարեցնել մեր ազգային շահերին ուղղակի սպառնալիք ներկայացնող սիրախաղը», - ասել է Սահակյանը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ Ղարաբաղը խաղացել, խաղում և խաղալու է Անդրկովկասի պատմության, աշխարհաքաղաքականության, հայ ժողովրդի և պետականության առանցքային դերերից մեկը։ Ըստ նրա, դժվար է գերագնահատել Ղարաբաղի դերը տարածաշրջանում ռազմավարական հավասարակշռության ապահովման, անվտանգ և կանխատեսելի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի ձևավորման գործում նաև Ռուսաստանի համար։

«Մենք հայտնվել ենք լուրջ ընտրության առաջ՝ կա՛մ հաշվի առնելով արագ փոփոխվող աշխարհակարգը էական ճշգրտումներ մտցնել մեր գործունեության մեջ, կա՛մ, չնկատելով տեղի ունեցող փոփոխությունները, գլորվել դեպի մեզ համար որոշակի ուժերի կողմից պատրաստված դիրքեր։ Դա վտանգավոր հետևանքներ կունենա», - ասել է Սահակյանը։

Նա կարծում է, որ նման հետևանքներից խուսափելու և սպառնալիքները չեզոքացնելու համար անհրաժեշտ է սկզբունքային և առավելագույնս ակտիվ քաղաքականություն վարել։

Սահակյանը կարևորել է Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի տեղակալ Կոնստանտին Զատուլինի դերը հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում: Նրա խոսքով՝ Զատուլինը, որպես իր երկրի իսկական հայրենասեր, շատ բան է անում իր երկրի շահերը պաշտպանելու համարև արժանի ներդրում է ունենում երկկողմ կապերի ամրապնդման գործում։

Հոկտեմբերի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել է, որ Հայաստանին առաջարկվող վաշինգտոնյան տարբերակը, ենթադրում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչում։ Նա հավելել է․ «Եթե Հայաստանն այդպես է կարծում՝ խնդրեմ։ Մենք կաջակցենք հայ ժողովրդի ցանկացած ընտրության»։

ՌԴ նախագահը նաև ասել է, որ ՌԴ-ն չի պատրաստվում ոչինչ պարտադրել Հայաստանին, չի կարող և չի պատրաստվում ինչ-որ բան թելադրել, եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրել կոնկրետ տարբերակ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---