Լուկաշենկոն՝ Զասին․ Ինչ-որ տեղ սարերում կիսում են այդ սահմանը՝ ի՞նչ սարեր, հաշտվեք

Լուկաշենկոն՝ Զասին․ Ինչ-որ տեղ սարերում կիսում են այդ սահմանը՝ ի՞նչ սարեր, հաշտվեք

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ հանդիպմանը, նոյեմբերին կայանալիք ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովին ընդառաջ անդրադառնալով իրավիճակին հայ-ադրբեջանական սահմանին, ասել է, որ ՌԴ-ն վաղուց արդեն միջնորդ է ՀՀ և Ադրբեջանի միջև և դա միանգամայն բավարար է, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

«Հիմա պետք է վերջնական հաշտվել․․․ Դե դու այնտեղ եղել ես։ Ինչ-որ տեղ սարերում, ինչպես ինձ պատմել են, կիսում են այդ սահմանը։ Լսիր, ի՞նչ սարեր։ Դե պայմանավորվե՛ք։ Որ դեպի Նախիջևան ազատ անցում լինի։ Կարծես Լեռնային Ղարաբաղի հարցում որոշել են»,- ասել է Լուկաշենկոն։

Նա հավելել է, որ պատերազմն ավարտվել է, կողմերը որպես միջնորդ դիմել են Ռուսաստանին։

«ՌԴ-ն այնտեղ հարյուրավոր մարդկանց է ուղարկել։ Հիշում ենք՝ ինչպես էին ինքնաթիռները թռչում։ Ռուս սահմանապահները բոլոր հատվածներում են՝ և Թուրքիայի հետ սահմանին, և Իրանի, և ՀՀ ու Ադրբեջանի միջև։ Էլ ի՞նչ է հարկավոր․․․ Ես հասկանում եմ, թե ինչ խաղ է գնում, ինչո՞ւ ԵՄ-ին ներքաշեցին, ինչո՞ւ են ուզում ՀԱՊԿ-ը ներքաշել։ Ի՞նչ են այնտեղ անելու, եթե արդեն կա միջնորդ։ ՀԱՊԿ-ին էլ ուզում են ներքաշել, կարծես մենք ավել գործ չունենք»,- ասել է Լուկաշենկոն։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել։ Հայտարարության մեջ չի հիշատակվում Լեռնային Ղարաբաղը, խոսվում է ռուսական խաղաղապահ զորախմբի առանցքային ներդրման մասին իր տեղակայման գոտում անվտանգության ապահովման գործում։

Նշվում է նաև, որ կողմերը պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից կամ դրա կիրառման սպառնալիքից, քննարկել և լուծել բոլոր խնդրահարույց հարցերը բացառապես ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության փոխադարձ ճանաչման հիման վրա՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և 1991թ Ալմա-Աթայի Հռչակագրի։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---