Բաբայան․ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու մասին Բաքվի պնդումն աշխարհաքաղաքական շանտաժ է

Բաբայան․ Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու մասին Բաքվի պնդումն աշխարհաքաղաքական շանտաժ է

PanARMENIAN.Net - Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը, անդրադառնալով Լաչինի միջանցքով ռազմատեխնիկա տեղափոխելու ադրբեջանցիների տարածած լուրերին, ասել է, որ դա աշխարհաքաղաքական շանտաժ է և չի համապատասխանում իրականությանը, հայտնում է «Առավոտը»։

«Սա իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է։ Սա աշխարհաքաղաքական շանտաժ է, տեղեկատվական շանտաժ և ահաբեկչություն»,- ասել է նա։

Բաբայանը փաստել է, որ դա շատ հեշտ կարելի է պարզել։

«Ամբողջ երկայնքով տեղադրված տեսախցիկներ կան։ Ամեն ինչ երևում է։ Եթե նույնիսկ այս վիճակում նրանք այսպիսի քայլերի են դիմում, բնական է, սա շահարկում է, տեղեկատվական ահաբեկչություն, որն իրականության հետ որևէ կապ չունի։ Հետևաբար սա է խնդիրը։ Կարծում եմ՝ սա նաև հարված է ռուս խաղաղապահներին։ Ի՞նչ է նշանակում՝ այսինքն՝ զինտեխնիկա, ահաբեկիչներ։ Նման բաներ են գրում։ Ի՞նչ է, սա Ռուսաստանի՞ դեմ են անում, այն էլ Սոչիի հանդիպումից հետո՞։ Սա նաև աշխարհաքաղաքական առումով հարված է ռուս խաղաղապահ առաքելությանը, սա ապակայունացման քաղաքականություն է,-ասել է նա»։

Ըստ Բաբայանի՝ ադրբեջանական կողմը սա հմտորեն է անում, թե տեսեք՝ տելեգրամյան ալիքներ և այլն։ Նա փաստել է՝ մերթընդմերթ դրա մասին պետական գործիչներ էլ են խոսում, ինչի առիթով Դավիթ Բաբայանը կրկնեց՝ ընդհանրապես որևէ հիմք չկա։

«Դա ապատեղեկատվություն է։ Կան տեսախցիկներ, որոնք ցույց են տալիս։ Այդ թվում տեսախցիկ կա տեղադրված Շուշիի մոտ՝ իրենց վերահսկողության տակ գտնվող հատվածում»․-ասել է նա։

Դավիթ Բաբայանի համոզմամբ՝ բոլոր այսպիսի հայտարարությունները չեն կարող չնկատվել ռուս խաղաղապահների, այլ մարմինների կողմից։ Նրա բնութագրմամբ՝ սա բացեիբաց շանտաժ, շահարկում և քարոզչություն է։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---