Վանաձորում ոստիկանների և քաղաքացիների միջև միջադեպի առթիվ քրվարույթներ կան

Վանաձորում ոստիկանների և քաղաքացիների միջև միջադեպի առթիվ քրվարույթներ կան

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչությունում քննություն է իրականացվում՝ Վանաձորում ոստիկանության աշխատակիցների և քաղաքացիների միջև տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու համար։

Նշվում է, որ նախնական տվյալներով՝ նոյեմբերի 25-ին՝ ժամը 13.45-ին, Վանաձորի Բաղրամյան-Նարեկացի փողոցների խաչմերուկում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, չենթարկվելով ոստիկանության աշխատակցի հրահանգներին, ստեղծել է վթարային իրավիճակ ու կայանել մոտակա բենզալցակայանում:

«Այնուհետև ոստիկանության աշխատակիցներից մեկը վարչական իրավախախտումն արձանագրելու համար մոտեցել է հիշյալ ավտոմեքենայի վարորդին, սակայն բենզալցակայանի տարածքում գտնվող քաղաքացին մոտեցել և խոչընդոտել է ոստիկանության աշխատակցի օրինական գործողություններին: Այդ ընթացքում մոտեցել են նաև այլ քաղաքացիներ, որոնցից մեկը ձեռքով հարվածել և հայհոյել է դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակցներից մեկին:

Նույն օրը՝ ժամը 15.20-ի սահմաններում, դեպքի վայր են ժամանել ոստիկանության այլ աշխատակիցներ ևս, որից հետո մի շարք քաղաքացիներ կրկին դուրս են եկել և վիճաբանել վերջիններիս հետ, իսկ նրանցից մեկը մետաղյա ձողով հարձակվել է ոստիկանության աշխատակցի վրա, որը կանխվել է այլ քաղաքացիների կողմից, իսկ քաղաքացիներից մեկը հեղուկ է ցողել ոստիկանների ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ միջադեպի մասնակից 2 քաղաքացի տարբեր ախտորոշումներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ) նախաձեռնվել է քրեական վարույթ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք՝ ինչպես քաղաքացիներ, այնպես էլ պարեկային ծառայության աշխատակիցներ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Պահանջվել են տեսագրություններ, հետաքննության մարմնին տրվել է կոնկրետ հանձնարարություն:

Նկատի ունենալով, որ բժշկական կենտրոն տեղափոխված քաղաքացիների կողմից ներկայացվել է հաղորդում իրենց ծեծի ենթարկելու վերաբերյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ:

Նախաքննությունը շարունակվում է։

Նշվում է, որ ձեռնարկվում են լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու, դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ անհրաժեշտ բոլոր քննչական և վարութային գործողությունները»,- ասվում է հաղորդագրությունում:

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Լոռու մարզում պարեկները դաժան ծեծի են ենթարկել քաղաքացիների։

«Լոռու մարզում պարեկները, որոնք շատ ավելի են վաստակում, քան սահման պահող զինվորականները, նախ վիրավորել են, կոպտել, ապա դաժան ծեծի ենթարկել երկու եղբայրների և նրանցից մեկի 17 տարեկան որդուն, պատճառելով ծանր մարմնական վնասվածքներ։ Ընդ որում, տուժողների վկայությամբ ծեծին մասնակցել են ոհմակով` մոտ քսան հոգով»,-ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---