Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել ՌԴ-ին․ Պահանջում են ապահովել իրենց ներկայացուցիչների մուտքը հանքավայրեր

Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել ՌԴ-ին․ Պահանջում են ապահովել իրենց ներկայացուցիչների մուտքը հանքավայրեր

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հանձնել ՌԴ-ին՝ «Ղարաբաղում, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում» գտնվող հանքավայրերի շուրջ տեղի ունեցած միջադեպի կապակցությասմբ։ Խոսքը Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի մասին է։

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Սակայն, տեղում, հանքի աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

«Ադրբեջանի ԱԳՆ-ն նոտա է հղել ռուսական կողմին։ Կոչ ենք անում, ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների, ապահովել Ադրբեջանի ներկայացուցիչների մուտքը հանքեր»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ ԱԳՆ նոտայում ընդգծվել է, որ «նման այցերի խոչընդոտումը կամ որևէ պայմանի առաջ քաշումը անթույլատրելի է»։

«Ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունն Ադրբեջանի տարածքում պետք է իրականացվի հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խստիվ պահպանման պայմաններում»,-ասվում է նոտայի մեջ։

Արցախի Տեղեկատվական շտաբի հայտարարության մեջ նշվում էր, որ հանքեր այցելելու ադրբեջանցիների դեկտեմբերի 10-ի փորձը համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչների հետ։ «Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո»,-ասվում էր հայտարարության մեջ։

Photo. AFP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---