Վարդանյան. Արցախում ոչ ոք չի պատրաստվում դժվարությունների առաջ ընկրկել![]() 13 դեկտեմբերի 2022 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ընդլայնված կազմով խորհրդակցություն է հրավիրել՝ հանրապետական գործադիր մարմինների ղեկավար կազմի, Ստեփանակերտի քաղաքապետի և վարչական շրջանների ղեկավարների մասնակցությամբ: Նա նշել է, որ թեև Արցախում մեծ է մարդասիրական ճգնաժամի վտանգը, սակայն ոչ ոք չի պատրաստվում ընկրկել դժվարությունների առաջ: Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ այն բավականին բարդ է, սակայն միաժամանակ վստահություն է հայտնել, որ առկա խնդիրները հնարավոր է լուծել կազմակերպված ու համակարգված աշխատանքի միջոցով: «Ստեղծված բարդ իրավիճակը մեզնից համախմբում է պահանջում. միակ ճանապարհը միասնությունն է: Միայն միասին թիկունք թիկունքի կանգնելով է հնարավոր այս ճգնաժամը հաղթահարել»,- ասել է Ռուբեն Վարդանյանը: Պետնախարարն ընդգծել է, որ չնայած առկա բարդ մարտահրավերներին, չպետք է խուճապի մատնվել և պետք է շարունակել աշխատել համակարգված և պատասխանատու կերպով ՝ յուրաքանչյուրն իր տեղում կատարելով իր գործը: Նա նշել է, որ արցախցիներն արժանապատվորեն են տանում դժվարությունները՝ ցուցաբերելով տոկունություն և ողջախոհություն՝ առանց խուճապային տրամադրությունների տրվելու: Այս տեսանկյունից պետնախարարը կարևոր է համարել իրավիճակի վերաբերյալ օպերատիվ տեղեկատվության տրամադրումը բնակչությանը: Խորհրդակցության ընթացքում պետական գերատեսչությունների, վարչակազմերի ղեկավարները ներկայացրել են ճանապարհի փակման հետևանքով շրջաններում ստեղծված իրավիճակն ու առկա խնդիրները: Դեկտեմբերի 12-ին` ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |