Սալիվանը կոչ է արել ամբողջովին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

Սալիվանը կոչ է արել ամբողջովին վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը դեկտեմբերի 22-ին Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Հիքմեթ Հաջիևի հետ առանձին հեռախոսազրույցներում կոչ է արել Բաքվին և Երևանին դիտարկել քայլեր, որոնք կթուլացնեն երկկողմ լարվածությունը և հիմք կդառնան բարիդրացիական հարաբերությունների համար։ Այդ մասին ասվում է Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ։

Սալիվանը նշել է ԱՄՆ-ի պահպանվող մտահոգությունը Լաչինի միջանցք մուտքի խոչընդոտման և այդ իրավիճակի ահագնաց հումանիտար հետևանքների վերաբերյալ և կոչ արել «ամբողջովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով»:

Նշվում է, որ հեռախոսազրույցներում վերլուծվել է առաջընթացը, որը ձեռք է բերվել սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում համատեղ հանդիպումից հետո՝ Եվրամիության և ԱՄՆ միջնորդությամբ անցկացվող խաղաղ բանակցություններում։

«Բոլորը վերահաստատել են իրենց հանձնառությունը բանակցություններին՝ խաղաղության համաձայնագրի հասնելու նպատակով»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։

Դեկտեմբերի 22-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ հեռախոսազրույցում մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ։ Զրուցակիցներն ընդգծել են իրադրության շուտափույթ հանգուցալուծման կարևորությունը և խաղաղության բանակցությունների շուրջ աշխատանքների շարունակումը

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---