Միյատովիչը մտահոգված է Լաչինի փակմամբ․ Պատրաստ է աջակցել խնդիրների հաղթահարմանը

Միյատովիչը մտահոգված է Լաչինի  փակմամբ․ Պատրաստ է աջակցել խնդիրների հաղթահարմանը

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը ևս անդրադարձել է Լաչինի միջանցքի փակման հետևանքով ստեղծված վիճակին՝ մտահոգություն հայտնելով այդ կապակցությամբ:

«Ուշադիր հետևում եմ դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքով անցնող ճանապարհի փակումից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին։ Ես մտահոգված եմ, որ մարդկանց տեղաշարժի երկարատև խափանումը, որի պատճառով որոշ մարդիկ չեն կարողանում տուն հասնել, ինչպես նաև հիմնական ապրանքների և ծառայությունների, ներառյալ սննդի մատակարարումների և շտապ բժշկական օգնության հասանելիությունը, վտանգում է Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքները: Միջանցքի հասարակական կարգի և անվտանգության ապահովման համար պատասխանատուները պետք է ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այդ ճանապարհի երկայնքով երթևեկությունը հրատապ վերականգնելու և հումանիտար իրավիճակի վատթարացումը կանխելու համար»,-նշել է նա՝ հավելելով, որ բոլոր համապատասխան շահագրգիռ կողմերը պետք է խուսափեն լարվածության աճից։

«Ներկա իրավիճակը ևս մեկ անգամ ցույց է տալիս մարդասիրական օգնության և մարդու իրավունքների միջազգային առաքելությունների ազատ և անարգել հասանելիության ապահովման կարևորությունը բոլոր տարածքներում, այդ թվում Լեռնային Ղարաբաղ բնակիչների համար: Ինչպես ես նշել եմ իմ 2021թ. Հուշագրում, համապատասխան մարմինները պետք է մշակեն մուտքի արդյունավետ և ճկուն եղանակներ, որոնք հնարավորություն կտան բոլոր համապատասխան դերակատարներին, այդ թվում իմ Վարչությանը, առաջնահերթ կարգով դիմել մարդասիրական օգնության և մարդու իրավունքների պաշտպանության կարիք ունեցողներին»,-ասվում է Միյատովիչի հայտարարության մեջ։

Միյատովիչը նշել է, որ, որպես մարդու իրավունքների հանձնակատար, շարունակելու է ուշադիր հետևել Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների իրավիճակին։

«Պատրաստ եմ համագործակցել բոլոր համապատասխան զրուցակիցների հետ՝ աջակցելու համար խնդիրների հաղթահարմանը»,-նշել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---