ԵԽ պատգամավոր․ Ալիևն էթնիկ զտում է իրականացնում, ի՞նչ ենք անում մենք՝ ոչինչ

ԵԽ պատգամավոր․ Ալիևն էթնիկ զտում է իրականացնում, ի՞նչ ենք անում մենք՝ ոչինչ

PanARMENIAN.Net - Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նատալի Լուազուն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելուն՝ շեշտելով, որ արդեն 38 օր է, ինչ Լեռնային Ղարաբաղը կտրված է աշխարհից, որ Ադրբեջանի նախագահն էթնիկ զտում է իրականացնում, իսկ Եվրախորհրդարանի պատգամավորները ոչինչ չեն անում։ Պատգամավորն այս մասին խոսել է Եվրախորհրդարանում «Լեռնային Ղարաբաղի շրջափակման հումանիտար հետևանքները» խորագրով քննարկման ընթացքում, գրում է Արմենպրեսը։

«Այնտեղ սնունդ, դեղորայք գրեթե չկա, ընտանիքները բաժանված են։ 38 օր է, որի ընթացքում մեր բառերը որևէ նշանակություն չունեն։ Ռուսաստանն ասում է, որ իր զինվորները խաղաղապահ են Լաչինի միջանցքում, բայց նրանք ոչինչ չեն անում»,- ասել է Լուազուն՝ Ռուսաստանին մեղադրելով հակամարտության ընթացքը պահելու մեջ։

Անդրադառնալով Ադրբեջանի պաշտոնյաների կողմից հնչող հայտարարություններին, թե շրջափակում չկա, պատգամավորն ընդգծել է` Լաչինի միջանցքում ռազմաշունչ «բնապահպաններ» են կանգնած։

«Նախագահ Ալիևն ասում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը վերաբերվում է այնպես, ինչպես Ադրբեջանի մյուս բնակիչներին, բայց այս շրջափակումը իր ժողովրդի նկատմա՞մբ է կիրառում։ Ի՞նչ է անելու․ ասում է, որ յուրաքանչյուր ոք, ով չի ցանկանում Լեռնային Ղարաբաղում ապրել որպես Ադրբեջանի քաղաքացի, կարող է հեռանալ։ Հետևաբար, սա ավելին է, քան շրջափակում, սա շանտաժից ավելին է, նա էթնիկ զտում է իրականացնում։ Ի՞նչ ենք մենք անում, ոչինչ»,- ասել է նա։

Նա նաև քննադատել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարությունը, թե դիտորդները ոչինչ չունեն անելու Լաչինի միջանցքի համար, ինչպես նաև անդրադարձել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լյայենի հայտարարությանը, թե Ադրբեջանը հուսալի գործընկեր է ԵՄ-ի համար։

«Ես ամաչում եմ, ամաչում եմ Եվրահանձնաժողովի նախագահի համար, ով այդ երկրին, որը դիտավորյալ մարդասիրական աղետ է կազմակերպում, անվանում է հուսալի բարեկամ։ Սա չարիքի մասին իմանալ չտալու դեպք է»,- ասել է Լուազուն։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---