Վարդանյանը՝ France 24-ին․ Այս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հնարավոր չէ ապրել Ադրբեջանի կազմում

Վարդանյանը՝ France 24-ին․ Այս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հնարավոր չէ ապրել Ադրբեջանի կազմում

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարարՌուբեն Վարդանյանըֆրանսիական հեղինակավոր France 24 հեռուստաընկերության եթերում, ներկայացնելով իրավիճակն Արցախում, ասել է, որ ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հնարավոր չէ ապրել Ադրբեջանի կազմում:

Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կարող է անել և ինչպես կարող է օգնել Եվրամիությունը՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ Եվրոպան կարող է Ալիևի ռեժիմի վրա ճնշում գործադրել, բացատրել, թե ինչ պատժամիջոցներ կարող են կիրառվել նրա դեմ և ցույց տալ, որ անընդունելի է 120 հազար մարդու, 30 հազար երեխայի ձմռան պայմաններում զրկել ջեռուցումից:

«Եվրոպացիները պետք է ճնշում գործադրեին և ասեին, որ սա անընդունելի է, որ իրեն Դավոս չեն հրավիրի և ինքն այդ քաղաքակրթության մաս չի կազմի։ Կարող են օդային միջանցք ստեղծել, որպեսզի մարդասիրական ինքնաթիռները կարողանան Ստեփանակերտում վայրէջք կատարել և բերել մեզ այդքան անհրաժեշտ պարեն ու դեղորայք։ Նաև կարծում եմ, որ այս պատմությունն ավարտելու լավագույն ձևը կլինի Արցախը որպես անկախ պետություն ճանաչելը։

Որովհետև Ադրբեջանը չի կարողանում նորմալ կյանքի պայմաններ ապահովել նույնիսկ իր ժողովրդի համար։ Ներկայիս իրավիճակը ևս մեկ անգամ ապացուցում է, որ հնարավոր չէ ապրել Ադրբեջանի կազմում, որտեղ այդքան ճնշում և այդքան հարձակումներ են լինում քաղաքացիական բնակչության նկատմամբ»,-ասել է Վարդանյանը։

Ի պատասխան հարցի, թե ինչպես է շրջափակմանը դիմանում Արցախի ժողովուրդը՝ պետնախարարը նկատել է, որ չնայած այս բոլոր դժվարություններին, մարդիկ ամուր են։

«Նրանք ասում են, որ քանի որ պայքարում են իրենց անկախության համար, պատրաստ են մնալ և ցույց տալ խիզախությունը և տուրք չտալ ճնշումներին։ Ժողովուրդը հասկանում է իրավիճակը և ընդունում է, որ դժվար ժամանակաշրջան է, որը շարունակությունն է այն պատերազմի, որ 2020թ․ նոյեմբերի 9-ին չէր ավարտվել։ Ուստի մարդիկ այստեղ պատրաստ են պայքարել՝ չնայած այս բոլոր ճնշումներին»,-ասել է Վարդանյանը։

Արցախի պետնախարարը նկատել է նաև, որ Եվրոպան շարունակում է Ադրբեջանի հետ առևտրային գործունեությունը՝ ընդունելով ավտորիտար ռեժիմը, որը փորձում է քանդել Արցախի պես ժողովրդավարական երկիրը։ Նա դա համարել է «մեծ խաղացողներից շատերի երկակի ստանդարտների օրինակ»:

«Ռուսաստանը, Եվրոպան, ԱՄՆ-ն կարող են մեծ դերակատարում ունենալ։ Ֆրանսիան այն բացառիկ երկրներից մեկն է, որ շրջափակման առաջին իսկ օրից սատար է կանգնել Արցախի հայերին։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել դրա համար։ Կարծում եմ, որ Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը պետք է վերադառնան Մինսկի խմբի սեղանի շուրջ և փորձեն երեք կողմից ճնշում գործադրել Ադրբեջանի վրա»,-ասել է Ռուբեն Վարդանյանը:

Արցախի պետնախարարի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման ընթացքում սա Արցախի պետնախարարի երկրորդ հարցազրույցն է այս հեռուստաընկերությանը:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---