Արցախում առնվազն 4700 մարդ կորցրել է աշխատանքը

Արցախում առնվազն 4700 մարդ կորցրել է աշխատանքը

PanARMENIAN.Net - Ստեփանակերտում և Արցախի շրջաններում հունվարի 24-ից դադարեցվել է գազալցակայանների աշխատանքը։ Խողովակներում մնացած կուտակված գազը տրամադրվելու է միայն հիվանդանոցներին ու կենսական նշանակության օբյեկտներին՝ տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը:

Ստեղծված բարդ տնտեսական իրավիճակի պատճառով առնվազն 4700 մարդ կորցրել է աշխատանքը։

Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախ մտնող գազատարի փականը, թույլ չի տալիս վերականգնել նաև էներգամատակարարումը։ Հանրային սպասարկում իրականացնող և հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների անխափան գործունեությունն ապահովելու նպատակով նշված կազմակերպությունների ավտոմեքենաներին կտրամադրվի բենզին կամ դիզվառելիք։

Բայց Արցախում դիզվառելիքի պակաս էլ կա․ այն ներկրվում էր Հայաստանից, գրում է Factor.am-ը։

Արդեն 44 օր շրջափակման մեջ գտնվող Արցախում վաղուց դժվար է ապրանքներով լի խանութ գտնել: 2022-ի դեկտեմբերի 12-ից ի վեր ավելի քան 16,800 տոննա կենսական նշանակության ապրանք կմակատարարվեր Արցախ, եթե չլիներ շրջափակումը։ Հունվարի 20-ից էլ Արցախում սնունդը կտրոններով է բաշխվում․ շաքարավազ, բրինձ մակարոն, հնդկաձավար, ձեթ հնարավոր է ձեռք բերել միայն կտրոններով։

Շրջափակման օրերին Լաչինի միջանցքն ադրբեջանցիները բացում են միայն ռուս խաղաղապահների մեքենաների համար, նաև երբեմն այդտեղով Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մեքենաներն են անցնում: Հունվարի 25-ի առավոտյան Ստեփանակերտից 11 հոգի ԿԽՄԿ-ի մեքենաներով շարժվել է դեպի Հայաստան՝ միանալու իրենց ընտանիքներին։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Հունվարի 12-ի երեկոյան ընդհատվել էր ֆիքսված ինտերնետ և բջջային հեռախոսային կապն Արցախի հետ։ Մեկ օր անց ինտերնետի հասանելիությունն ԱՀ ամբողջ տարածքում վերականգնվել է։ Հունվարի 17-ին Ադրբեջանը կրկին խափանել է ՀՀ-ից Արցախ տանող գազատարով գազի մատակարարումը, նույն օրը երեկոյան մատակարարումը վերականգնվել է։ Հունվարի 18-ի առավոտյան գազը կրկին անջատվել է, հետո միացվել է 1 օրով թույլ ճնշմամբ և հունվարի 21-ի երեկոյան կրկին ամբողջությամբ արգելափակել։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---