Երուսաղեմում հարձակվել են հայերի և Հայոց պատրիարքարանի վրա․ Փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները

Երուսաղեմում հարձակվել են հայերի և Հայոց պատրիարքարանի վրա․ Փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները

PanARMENIAN.Net - Երուսաղեմում հայերի և Հայոց պատրիարքարանի վրա հարձակումներ են եղել, փորձել են հանել խաչակիր ու ՀՀ դրոշները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Աղան աբեղա Գոգչյանը։

Նա տեղեկացրել է, որ հունվարի 28-ի ուշ երեկոյան, երկու հրեա ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթևեկութեանը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային:

«Հայ երիտասարդները, մեքենայից իջնելով, քաղաքավարի խոսել և հարցրել են. «Ինչո՞ւ եք հարվածում մեքենային, սա մեր թաղամասն է, մենք աշխատանքից տուն ենք վերադառնում: Մենք հարգում ենք հրեաներին, ինչո՞ւ եք այսպիսի բաներ անում, մենք ձեզ ի՞նչ ենք արել»:

Հրեա ծայրահեղականներից մեկը սկսել է բղավել. «Դուք այստեղ թաղամաս չունեք: Սա մեր երկիրն է, գնացեք մեր երկրից»:

Եվ երբ հայ երիտասարդները ասել են. «Սա նաև մեր երկիրն է, մեր տունը այստեղ է, մենք այստեղ ենք ծնվել, ուրիշ տեղ չունենք գնալու», մյուս ծայրահեղականը արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին և երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդները փորձել են հետապնդել վերջիններիս, որպեսզի ոստիկաններին հանձնեն, սակայն արցունքաբեր գազի ազդեցությունը թույլ չի տվել և հայ երիտասարդին ընկերը տեղափոխել է հիվանդանոց:

Հիվանդանոցից վերադառնալուց հետո՝ հայ երիտասարդները բողոք են ներկայացրել ոստիկանություն: Ոստիկանները հայտնաբերել են երկու հրեա ծայրահեղականներին և ձերբակալել նրանց: Նրանցից մեկին լուսաբացին ազատ են արձակել, իսկ արցունքաբեր գազ փչողը դեռ ձերբակալված է:

Այս դեպքից մեկ ժամ անց, հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ «Լացի պատ» գնալիս, անցնելով Պատրիարքարանի փողոցով՝ փորձել են մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք և հանել պատրիարքարանի խաչակիր և Հայաստանի Հանրապետության դրոշները: Այդ պահին վանքի դիմաց կանգնած հայ երիտասարդները նկատելով այդ՝ մոտեցել և արգելել են հրեա ծայրահեղականների գործողությունները, վերջիններս փախել են և շուտով վերադարձել ավելի փոքր խմբով, այս անգամ դիմակավորված»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է նաև,մ որ դիմակավոր ծայրահեղականները նորից փորձել են կռիվ հրահրել, հայ երիտասարդների ուղղությամբ օդում արցունքաբեր գազ են փչել, հայհոյել հայերին և փախել ոստիկանության ուղղությամբ:

«Հայ երիտասարդները հետապնդել են նրանց, և երբ վերջիններս տեսել են, որ հայերը հետապնդում են իրենց՝ բղավել են. «Տեռորիստական հարձակո՜ւմ, տեռորիստական հարձակո՜ւմ»:

Ոստիկանները կարծելով, որ հրեա ծայրահեղականների բղավոցները ճիշտ են՝ փակել են հայ երիտասարդների ճանապարհը, զենքերը պահելով նրանց վրա՝ ծեծի են ենթարկել մի քանիսին, և նրանցից Գէորգ Քահկէճեանին ձերբակալելով՝ տարել են ոստիկանություն, այն մեղադրանքով, թե վերջինս հարձակվել է ոստիկանի վրա, որը իրականության հետ աղերս չունի:

Գևորգ Քահկեճեանին մի գիշեր պահել են ոստիկանությունում, հաջորդ օրը՝ հունվարի 29-ին, կեսօրից հետո, Նորին Ամենապատվություն Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկյան Պատրիարք Սրբազան Հոր անմիջական միջամտությամբ և դատարանի որոշմամբ Գևորգ Քահկեճեանը ազատ է արձակվել և տրվել է 20-օրյա տնային կալանք: Եվ քանի որ Քահկեճեանն ունի մարմնական վնասվածքներ, վանքի փաստաբանի միջնորդությամբ ոստիկանությունը թույլ է տվել, որ վերջինս բժշկական հետազոտություն անցնի»,-ասվում է գրառման մեջ։

Հունվարի 27-ին հարձակում էր եղել Երուսաղեմի հայկական ռեստորանի վրա։ Երուսաղեմում հրեա ծայրահեղականները հարձակվել են հայազգի Միհրան Գրիգորյանին պատկանող ռեստորանի վրա, վնասել գույքը, բղավել. «Մա՛հ քրիստոնյաներին, մա՛հ արաբներին»։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---