14 փետրվարի 2023 - 12:47 AMT
Հալեպի նահանգապետը շնորհակալագիր է հանձնել հայ փրկարարներին

Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբը շնորհակալագիր է հանձնել հայ փրկարարներին։ Փետրվարի 13-ին Հալեպում ՀՀ գլխավոր hյուպատոսության խորհրդական, հյուպատոս Բաբկեն Բադալյանը և Հալեպ ժամանած ՀՀ միջազգային փրկարարական թիմի ղեկավար գնդապետ Արմեն Գևորգյանը և որոնողափրկարարական խմբի հրամանատար, գնդապետ Սերգեյ Բիձյանը հանդիպել են Հալեպի նահանգապետ Հուսեյն Դիյաբի հետ։

Դիյաբը նաև դրվատանքի խոսքեր է ուղղել հայ փրկարարներին, հայտնում է Հալեպում Հայաստանի հյուպատոսությունը։

Բադալյանը խորին ցավակցություն է հայտնել Հալեպում գրանցված երկրաշարժի անմեղ զոհերի կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր վիրավորներին։

Բադալյանը նշել է, որ Սիրիան Հայաստանում ընկալվում է որպես բարեկամ երկիր և նման իրավիճակներում Հայաստանը պատրաստակամ է ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն։

Այնուհետև փրկարարական խմբի գնդապետ Արմեն Գևորգյանը ներկայացրել է անցնող օրերին կատարված աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն և շնորհակալություն հայտնեց Հալեպի նահանգապետարանի կողմից ցուցաբերված աջակցության համար։

Հալեպի նահանգապետ Դիյաբը և ՀՀ ԳՀ խորհրդական, հյուպատոս Բադալյանը կարծիքներ են փոխանակել հայ-սիրիական բազմաբնույթ հարաբերությունների վերաբերյալ։

ՀՀ-ն փրկարարական ջոկատներ և հումանիտար օգնություն է ուղարկել Սիրիա և Թուրքիա՝ որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը։

Փետրվարի 6-ին 7․8 մագնիտուդով hզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում, Սիրիայի հետ սահմանին, Ղազիանթեփի մոտակայքում: Ուժգին ցնցումներ են գրանցվել նաև Սիրիայի տարածքում։ Կան հազարավոր զոհեր և վիրավորներ, հազարավոր փլուզված շենքեր։