Վարդանյանը՝ բարեգործական կազմակերպություններին․ Ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ՝ կարևոր է բարձրաձայնել

Վարդանյանը՝  բարեգործական կազմակերպություններին․ Ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ՝ կարևոր է բարձրաձայնել

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանն առցանց հանդիպում է ունեցել մոտ 40 բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, որոնք շարունակվող շրջափակման պայմաններում աջակցություն են ցուցաբերում Արցախին: Նա նշել է, որ ստեղծվել է հումանիտար անընդունելի ճգնաժամ, որը թույլ չի տալիս մարդկանց նորմալ և լիարժեք կյանք վարել, ուստի շատ կարևոր է, որ իրենք ևս բարձրաձայնեն այդ մասին։

Հանդիպմանը մասնակցել են նաև պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանն ու ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը:

Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ նրանց գործունեության և այս դժվարին իրավիճակում Արցախի ու Արցախի ժողովրդի կողքին լինելու համար:

Նա ներկայացրել է իրավիճակն Արցախում՝ նշելով, որ ճգնաժամը չի արտահայտվում միայն սննդի կամ վառելիքի բացակայությամբ, այն խորքային ազդեցություն է ունենում հանրային կյանքի բոլոր ոլորտների վրա։

«Շրջափակումը խնդիրներ է առաջացրել ոչ միայն ամենօրյա կյանքում, այլև տնտեսության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում։ Մեր տնտեսությունն ամեն օր հսկայական վնասներ է կրում»,-ասել է նա:

Պետնախարարը ներկայացրել է նախանշված կարևոր վեց ուղղություններով կատարվող աշխատանքները՝ նկատելով, որ դրանցից առաջինի՝ Արցախի սուբյեկտայնության բարձրացման առումով կարևոր դեր ունեն նաև բարեգործական կազմակերպությունները։

«Կարևոր է ոչ միայն ձեր նյութական օգնությունը, այլև այն, որ ձեր ձայնը հնչի, խնդիրը ճիշտ ներկայացվի աշխարհին»,-ասել է նա։

Ռուբեն Վարդանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է տարբեր՝ առողջապահության, սոցիալական, ենթակառուցվածքների ոլորտների ծրագրերն ու առաջնային անելիքները՝ կարևորելով հատկապես թիրախային աջակցությունը:

Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներին մանրամասն տեղեկություններ է ներկայացրել բարեգործական բեռների փոխադրման հետ կապված գործընթացների և հասցված բեռի բաշխման մեխանիզմների մասին:

Հանդիպման ընթացքում պետնախարար Ռուբեն Վարդանյանը, պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը և նախարար Արմեն Մանգասարյանը նաև պատասխանել են հանդիպման մասնակիցների բազմաթիվ հարցերին:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---