22 փետրվարի 2023 - 11:04 AMT
Գալուզինը՝ Կլաարին․ ԵՄ առաքելությունը ՀՀ-ում չի նպաստում իրական կայունացմանն Անդրկովկասում

ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը և Հարավային Կովկասի ու Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը փետրվարի 21-ի հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման գործընթացը, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։

Գալուզինը Կլաարին ասել է, որ Հայաստանում «ԵՄ այսպես կոչված քաղաքացիական առաքելություն ծավալելու ԵՄ որոշումն ունի հստակ աշխարհքաղաքական ենթատեքստ և չի նպաստում իրական կայունացմանն Անդրկովկասում»։

Գալուզինը նաև «ընդգծել է այդ նախաձեռնության վերաբերյալ կոնսենսուսի բացակայությունը Բաքվի և Երևանի միջև»։

Փետրվարի 20-ին Եվրամիությունը մեկնարկել է իր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում։ ԵՄ առաքելության՝ բացառապես քաղաքացիական անձնակազմի կազմում ընդգրկված է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ։ Առաքելության օպերատիվ շտաբը Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում է։ Եվրոպայի արտաքին գործողությունների ծառայության Քաղաքացիական պլանավորման և վարման կարողությունների (CPCC) գործադիր տնօրեն Ստեֆանո Թոմատը կաշխատի որպես Քաղաքացիական գործողությունների հրամանատար, իսկ Մարկուս Ռիտերը՝ որպես առաքելության ղեկավար:

Առաքելությունը պաշտոնապես ստեղծվել է Խորհրդի՝ 2023 թ. հունվարի 23-ի որոշմամբ: «Հայաստան-Ադրբեջան սահմանի հայկական կողմում տեղակայման նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, հակամարտությունից տուժած շրջաններում կառուցել վստահության և անվտանգություն, ինչպես նաև ապահովել միջավայր, որը կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման ջանքերին, ինչին աջակցում է ԵՄ-ն»,-ասվում է որոշման մեջ: