Մի խումբ արցախցիներ արգելափակել են խաղաղապահների բազայի մուտքը

Մի խումբ արցախցիներ արգելափակել են խաղաղապահների բազայի մուտքը

PanARMENIAN.Net - Մի խումբ արցախցիներ բողոքի ակցիա են իրականացնում Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում գտնվող ռուս խաղաղապահների կենտրոնական տեղակայման վայրի գլխավոր մուտքի մոտ։ Ակցիայի մասնակիցները մի քանի ժամ է՝ արգելափակել են խաղաղապահների ելումուտը։ Այս մասին տեղեկացնում է ակցիայի մասնակիցներից Դավիթ Ղահրամանյանը՝ իր ֆեյսբուքյան էջում, հայտնում է Factor.am-ը։

«Ակցիայի նպատակն է ռուս խաղաղապահներին ասել, որ ապահովեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բոլոր կետերը։ Եթե չեք կարողանում կատարել, կան այլ խաղաղապահ ուժեր՝ միջազգգային, դիմեք նրանց, թող գան, ապահովեն խաղաղությունը։ Բայց այս դեպքում դուք եք այստեղ, դուք պետք է ապահովեք մեր անվտանգությունը, որովհետև դուք եք դա մեզ խոստացել»,- նշել է Դավիթ Ղահրամանյանը։

Ակցիայի մասնակիցները սպասում են ռուս խաղաղապահների ղեկավար կազմի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք դուրս գան, և իրենք ներկայացնեն իրենց պահանջները։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---