Արցախի ԱԺ․ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բանակցություններով՝ միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով

Արցախի ԱԺ․ ԼՂ խնդիրը պետք է լուծվի բանակցություններով՝ միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով

PanARMENIAN.Net - Արցախի Ազգային Ժողովի «Ազատ հայրենիք-ՔՄԴ», «Միասնական հայրենիք», «Արդարություն», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել` նշելով, որ ղարաբաղյան հակամարտությունը՝ որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով։

ԱԺ-ն նաև պահանջել է ՀՀ իշխանություններից կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։

«Մի քանի օրից կլրանա Արցախի Հանրապետության 120 հազար բնակչությանը Ադրբեջանի կողմից շրջափակելու 100 օրը: Արհամարհելով Արցախի ապաշրջափակման վերաբերյալ Հաագայի միջազգային դատարանի որոշումը` Ադրբեջանի ղեկավարությունն ուժի սպառնալիքով և կիրառմամբ շարունակում է Արցախը հայաթափելու քաղաքական ուղեգիծը:

Արցախի Հանրապետությունն իրեն բռնակցելու մտադրության մեջ Ադրբեջանը չի խորշում հակամարդկային միջոցներից և ահաբեկչական գործողություններից: Բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումները, խաղաղ բնակչության ահաբեկումն ու ազատ տեղաշարժի սահմանափակումները, իսկ վերջերս էլ՝ մարտի 5-ին, իրենց ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկաններին գնդակահարելու փաստը գալիս են ապացուցելու, որ նման պայմաններում անընդունելի են ուղիղ երկխոսության մասին խոսակցությունները:

Միևնույն ժամանակ, համոզված ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը՝ որպես միջազգային օրակարգի հարց, պետք է լուծվի բանակցությունների միջոցով՝ համապատասխան միջազգային կառույցների միջնորդությամբ ու երաշխիքներով, մասնավորապես, այդպիսի լիազորությամբ օժտված Մինսկի խմբի համանախագահ երկրների ներգրավմամբ:

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը քարոզչական տարբեր հնարքներով ապատեղեկացնում է սեփական հանրությանն ու միջազգային կառույցներին՝ նպատակ ունենալով Արցախի ժողովրդի դեմ կիրառվող հումանիտար ճնշումների և ահաբեկումների պայմաններում պատրանք ստեղծել «խաղաղության դարաշրջանի» մասին:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները, արտահայտելով ժողովրդի կամքն ու դիրքորոշումը, պահանջում են Հայաստանի Հանրապետության իշխանություններից հավատարիմ մնալ ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմանը և կասկածի տակ չդնել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունները վերահաստատում են իրենց հավատարմությունը մեր ժողովրդի կամքն արտահայտող հիմնարար փաստաթղթերին և շարունակելու են առաջնորդվել դրանցից բխող գաղափարներով և սկզբունքներով»,-ասվում է հայտարարության մեջ:

Մարտի 13-ին Ադրբեջանն առաջարկել է ԼՂ-ին հաջորդ հանդիպումը Բաքվում անցկացնել՝ «վերաինտեգրումը քննարկելու համար»։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը: «Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հրավիրում է Ղարաբաղի հայ հասարակության ներկայացուցիչներին երկրորդ հանդիպման՝ շարունակելու համար վերաինտեգրման թեմայով շփումները, ինչպես նաև՝ քննարկելու Ղարաբաղում ենթակառուցվածքային նախագծերի իրականացման հարցեր»,-ասվում էր հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---