Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում

Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում: Այդ մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը, հայտնում է Արմենպրեսը։

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պատելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում այս հարցում:

«Ակնհայտորեն դա արվում է այս հարցում պետքարտուղար Բլինքենի հանձնառության միջոցով, երբ դեսպան Ռիքերն էր իր աշխատանքով առաջնորդում այս պորտֆոլիոն, իսկ այժմ էլ Լու Բոնոյի աշխատանքի միջոցով», - ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Էնթոնի Բլինքենն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը՝ Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասներ չի կարող ներկայացնել:

«Սակայն, անշուշտ, մեր գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ (խմբ.՝ շփումների ժամանակ) մենք պարբերաբար բարձրացնում ենք մարդու իրավունքների հետ կապված հարցերը», - նշել է դիվանագետը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մարտի 20-ին հեռախոսազրույցում քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին վերաբերող հարցեր: Պետքարտուղարը վերահաստատել է Լաչինն անհապաղ վերաբացելու մասին իր կոչը և ընդգծել, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է շարունակելու աջակցությունը վերոնշյալ գործընթացին:

Փաշինյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, տարածաշրջանում հաղորդակցության ուղիների բացման հեռանկարների շուրջ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---