«Հետք»․ Թթվասերի 10 նմուշից 4-ում աղիքային ցուպիկ և խմորասնկեր են գտել

«Հետք»․ Թթվասերի 10 նմուշից 4-ում աղիքային ցուպիկ և խմորասնկեր են գտել

PanARMENIAN.Net - «Հետքը» մարտի 2-ին փորձաքննության էր ներկայացրել տեղական արտադրության թթվասերի 10 նմուշ։ Նմուշներից 4-ում հայտնաբերվել է խախտում, մասնավորապես՝ աղիքային ցուպիկ և խմորասնկերի բարձր քանակ։ Դրանք են՝ «Չանախ», «Արզնի կաթ», «Բիոկաթ» և «Բոնիլատ» ապրանքատեսակները։

Նմուշներից 3-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ. դրանք են՝ «Չանախ», «Բիոկաթ» և «Բոնիլատ» ապրանքանիշերի թթվասերները։ Եվս մեկում՝ «Արզնի Կաթ» թթվասերի մեջ, հայտնաբերվել է խմորասնկերի` թույլատրելիից 7 անգամ բարձր քանակ՝ 350 ԳԱՄ/գ։

Նմուշներից 5-ն ունեն մակնշման խախտումներ. դրանք են՝ Marila, Ani, Bonilat և Yeremyan products թթվասերները. ապրանքների անվանումն անգլերեն է՝ պահանջված հայերենի և ռուսերենի փոխարեն։

«Չանախ» ընկերության ինչպես թթվասերում, այնպես էլ կաթնաշոռում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։

«Արզնի կաթ» թթվասերում խմորասնկերի քանակը 7 անգամ գերազանցում է նորման, իսկ փորձաքննված կաթնաշոռում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ, ինչպես նաև՝ մեծաքանակ բորբոսասնկեր և խմորասնկեր։

«Բիոկաթ» ընկերության թթվասերում, ինչպես նաև՝ կաթնաշոռում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Կաթնաշոռում հայտնաբերվել էին նաև մեծ քանակությամբ (այնքան շատ, որ այլևս չեն հաշվում) բորբոսասնկեր և խմորասնկեր։

«Բոնիլատ» (Bonilat) ընկերության թե՛ թթվասերում, թե՛ կաթնաշոռում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Կաթնաշոռի մեջ հայտնաբերվել էին նաև մեծաքանակ խմորասնկեր, ինչպես նաև՝ կաթնաթթվային մանրէները եղել էին նորմայից ցածր։

Փորձաքննությունն իրականացրել է «Ստանդարտ Դիալոգ» լաբորատորիան։

Ինչպես կաթնաշոռի փորձաքննության ժամանակ, այս անգամ ևս նախքան լաբորատորիա հանձնելը, թթվասերները տարել են Երևանի պետական համալսարանի Կենսաբանության ֆակուլտետ՝ մեկ նմուշ կույր համտեսի, մնացածը՝ դիմազերծման համար (թթվասերը լաբորատորիայում տեղափոխվել է ստերիլ տարայի մեջ, համարակալվել և ուղարկվել է փորձաքննության)։

Ուսանողները գնահատել են թթվասերի համը, հոտն ու որակական հատկանիշներն ու վերջում քվեարկել են իրենց հավանած մեկ նմուշի օգտին։

Ջերմային ռեժիմը չխախտելու համար թթվասերները հենց գնման նույն օրը լաբորատորիա են տեղափոխել հատուկ սառնարանով։

«Հետք»-ը չի իրականացնում նմուշառում։ Դա հատուկ վերահսկողական գործընթաց է, որն ամրագրված է «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության» մասին օրենքում։ ԶԼՄ-ն միայն գնում է կատարել։

Նշվում է, որ Հրապարակման պահին գնված և փորձաքննված նմուշների ժամկետները լրացած են, և դրանց խմբաքանակն արդեն չի վաճառվում խանութներում։

«Հետքը» մարտի 2-ին փորձաքննության էր ներկայացրել շուկայում լայն սպառում ունեցող կաթնաշոռի 10 նմուշ, որից միայն 2-ում խախտում չի հայտնաբերվել։ Դրանք են «Թամարա» և «Անի» ապրանքանիշերի կաթնաշոռները։ 10 նմուշից 5-ում հայտնաբերվել էին աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Դրանք են «Բիոկաթ», «Չանախ», «Աշտարակ կաթ», «Արզնի», «Բոնիլատ» ապրանքատեսակները։

Կաթնաշոռ արտադրող որոշ ընկերություններ, որոնց արտադրանքը ևս ներկայացվել էր փորձաքննության, արձագանքել են խախտումների մասին հրապարակմանը։

Մասնավորապես «Երեմյան Փրոդաքթսը» նշել է, որ ունի սեփական լաբորատորիա, որտեղ կաթը ֆերմաներից հասնում է հատուկ սառնարանային մեքենաներով, կաթի ընդունման պահին կատարվում է նմուշառում, նմուշն անցնում է ֆիզիկաքիմիական, օրգանոլեկտիկ և մանրէաբանական հետազոտություններ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---