Կարապետյանը՝ Հռոմի ստատուտին միանալու մասին. Անթույլատրելի է վտանգել ՀՀ և ՌԴ դարավոր կապերը

Կարապետյանը՝ Հռոմի ստատուտին միանալու մասին. Անթույլատրելի է վտանգել ՀՀ և ՌԴ դարավոր կապերը

PanARMENIAN.Net - «Տաշիր» ընկերությունների խմբի և Հայ գործարարների ասոցիացիայի ղեկավար Սամվել Կարապետյանը, մեկնաբանելով ՌԴ ղեկավարության նկատմամբ Միջազգային քրեական դատարանի որոշման լույսի ներքո Հռոմի ստատուտին Հայաստանի միանալու ծրագրերը, ասել է, որ անթույլատրելի է վտանգել Հայաստանի և Ռուսաստանի դարավոր բարեկամական կապերն ու երկու երկրների ժողովուրդների գործընկերային հարաբերությունները։

«Վերջին օրերին Հայաստանի կառավարության կողմից հաճախակի են հնչում Ռուսաստանի, մասնավորապես երկրի առաջին դեմքերի նկատմամբ պատժամիջոցային որոշումների կիրառման հարցում միջազգային կազմակերպություններին աջակցելու ոչ միանշանակ կոչերը։ Նման գործողությունները ուղղակիորեն վտանգում են հայ–ռուսական հարաբերությունները ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական, ռազմական և մշակութային փոխգործակցության հարցում», – նշել է Կարապետյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` Ռուսաստանը Հայաստանի արտաքին տնտեսական և առևտրային առաջատար գործընկերն է, երկրի սահմանների անվտանգության երաշխավորը։

«Երկրների միջև առկա բարեկամական կապերը երկկողմանի հարաբերությունների կայունության հիմքն են, և Հայաստանի ու Ռուսաստանի դաշնակցային բարեկամական կապերի խաթարումը կարող է մարտահրավեր դառնալ ԼՂ անվտանգության հարցում, որտեղ ՌԴ խաղաղապահները խաղաղ կյանք են ապահովում 120 հազար հայի համար»,-ասել է նա։

Հայ գործարարների ասոցիացիայի անունից Սամվել Կարապետյանը կոչ է արել ՀՀ ղեկավարությանը սթափ գնահատել նման հայտարարությունների հնարավոր բոլոր ռիսկերը և չվտանգել Հայաստանի և Ռուսաստանի գործընկերային հարաբերությունները։

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։ ՌԴ նախագահի կալանքի օրդերը դուրս է գրվել Ուկրաինայից ՌԴ «երեխաների ապօրինի բռնագաղթի և ապօրինի տեղափոխման» համար՝ նույն մեղադրանքով օրդեր է դուրս գրվել նաև ՌԴ մանկական գործերով օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար։

Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է 1998-ին՝ Հռոմի ստատուտի հիման վրա։ Այն չի հանդիսանում ՄԱԿ-ի մաս և հաշվետու է այն երկրներին, որոնք վավերացրել են ստատուտը։ ՌԴ-ն ստորագրել է փաստաթուղթը, սակայն չի վավերացրել, ԱՄՆ-ն ստորագրել է, հետո է հետ է կանչել ստորագրությունը, Չինաստանը չի ստորագրել։ 2016-ին կարգադրություն է ստորագրել, որով ՌԴ-ն չի դառնա Միջազգային քրեական դատարանի անդամ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---