Քերոբայն․ Կաթնամթերքի մասով ՌԴ արգելքը հակասում է ԵԱՏՄ կանոններին՝ քննարկում ենք

Քերոբայն․ Կաթնամթերքի մասով ՌԴ արգելքը հակասում է ԵԱՏՄ կանոններին՝ քննարկում ենք

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում, անդրադառնալով կաթնամթերքի արտահանման արգելքի մասին պատգամավոր Գեղամ Մանուկյանի հարցին, ասել է, որ «Ռոսսելխոզնադզորի» որոշումը հակասում է ԵԱՏՄ առևտրի կանոններին և որ հայկական կողմն այդ հարցը քննարկում է ռուս գործընկերների հետ:

Ռուսաստանի անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության («Ռոսսելխոզնադզոր») ապրիլի 5-ից Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի արտահանման արգելք է սահմանել։

Պատգամավորը հիշեցրել է, որ մի քանի օր է՝ Հայաստանի կաթնարդյունաբերության ոլորտը լուրջ խնդրի առաջ է կանգնած և զրկված է ՌԴ արտահանման հնարավորությունից: Նա հետաքրքրվել է, թե երբ է լուծվելու կաթնամթերքի արտահանման թնջուկը, երբ է լուծվելու այդ հարցը, հայտնում է Factor.am-ը։

«Մեր գնահատմամբ՝ սա ԵԱՏՄ առևտրի խոչընդոտ է: Եվ մենք այս հարցը հիմա քննարկում ենք գործընկերների հետ: Այսինքն՝ այն արգելքը, որը դրել է «Ռոսսելխոզնադզորը», հակասում է ԵԱՏՄ-ում առևտրի կանոններին: Եվ հիմա մենք այդ հարցը քննարկում ենք մեր գործընկերների հետ: Բացի դրանից՝ նաև բանակցություններ են վարվում՝ հասկանալու, թե ինչ կարգավորումների միջոցով մենք, հնարավորինս արագ և չդիմելով ԵԱՏՄ ստանդարտ գործընթացներին, կկարողանանք լուծել այս հարցը»,- նշել է Քերոբյանը:

Նախարարը հորդորել է չդրամատիզացնել իրավիճակը։

Ռուսական «Ռոսսելխոզնադզորը» հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Ռուսաստանը կքննարկի Հայաստանից կաթնամթերքի մատակարարումները սահմանափակելու հարցը, քանի որ Հայաստանից գնացող կաթնային արտադրանքում որոշակի խախտումներ են հայտնաբերվել։ Նշվում է, որ, ըստ հայկական կողմից ստացված տեղեկատվության, ՀՀ կաթնամթերքի վերամշակման ձեռնարկություններն Իրանում արտադրված հումք են օգտագործում, որի մասով «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակող միջոցներ է կրառում։

ՍԱՏՄ-ն իր հերթին նշել էր, որ մտահոգությունը վերաբերում է բացառապես Իրանից հումքի ներմուծման, Հայաստանում դրա օգտագործման և Ռուսաստան արտահանման շղթային։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---