24 ապրիլի 2009 - 00:07 AMT
2009 թվականի Հայաստանի պետբյուջեն կավելանա 1,7 մլրդ դրամով
«Նիստում կառավարությունը որոշել է «ՀՀ 2009թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների եւ ծախսերի գումարներն ավելացնել 1 մլրդ 712 մլն 442.8 հազար դրամով։ Համապատասխան վերաբաշխում է կատարվել ՀՀ 2009թ. պետական բյուջեում, ինչպես նաեւ փոփոխություններ ՀՀ կառավարության 2008թ. դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ»,- հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը կառավարական նիստի ընթացքում։

Որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ-ի եւ Միջազգային զարգացման ընկերակցության միջեւ ստորագրված վարկային պայմանագրերի համաձայն, «Կենսական նշանակության ավտոճանապարհների բարելավում» եւ «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի երրորդ ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծախսային ծրագրերի իրականացման նպատակով դրանց գծով ծախսերը ՀՀ 2009թ. պետական բյուջեում ներառելու անհրաժեշտությամբ։