Փելոսի․ ԼՂ հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը պետք է լինի բանակցություններով

Փելոսի․ ԼՂ հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը պետք է լինի բանակցություններով

PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսում Հայոց ցեղասպանության տարելիցին ընդառաջ կազմակերպված միջոցառման ժամանակ ԱՄՆ կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նենսի Փելոսին ասել է, որ ԼՂ հակամարտության համապարփակ և վերջնական կարգավորումը պետք է լինի բանակցային ճանապարհով, որպեսզի հնարավոր լինի ճանապարհ հարթել դեպի խաղաղություն և անվտանգություն։

Փելոսին նշել է, որ իրենք Կոնգրեսում կենտրոնացած են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ուժի կիրառման վրա: Փելոսին ընդգծել է, որ իրենց կողմից հայ ժողովրդին աջակցելը վեր է նախասիրություններից և քաղաքականությունից, հայտնում է Արմենպրեսը։

«Ամերիկան կլինի այնտեղ, քանի որ Հայաստանը պահում է ճակատը ժողովրդավարությունն ընդդեմ ավտոկրատիայի ճակատամարտում։ Մենք դա տեսանք, երբ այնտեղ էինք»,- ասել է Փելոսին։

Փելոսին հիշեցրել է, որ անցած տարի՝ որպես Ներկայացուցիչների պալատի խոսնակ կոնգրեսական պատվիրակության հետ այցելել էր Հայաստան։ Փելոսին նշել է, որ այցի ընթացքում այցելել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր։

«Մենք դրանով հաստատեցինք այն ամուր համոզմունքը, որ Օսմանյան կայսրության կողմից մարդկության դեմ հրեշավոր հանցագործությունները երբեք չպետք է մոռացվեն։ Մենք պետք է ապահովենք, որ այս վայրագությունները երբեք չկրկնվեն»,- ասել է Փելոսին։

ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

Photo. AP
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---