Վարդանյան․ Անկախ ՀՀ և Ադրբեջանի հայտարարություններից՝ Արցախի ապագայի հարցը չի կարող լուծվել առանց ԱՀ ժողովրդի

Վարդանյան․ Անկախ ՀՀ և Ադրբեջանի հայտարարություններից՝ Արցախի ապագայի հարցը չի կարող լուծվել առանց ԱՀ ժողովրդի

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ԼՂ շուրջ իրավիճակին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ անկախ Հայաստանի և Ադրբեջանի տարատեսակ հայտարարություններից՝ Արցախի ճակատագրի ու ապագայի հարցը չի կարող լուծվել առանց ԱՀ ժողովրդի:

«Ապրիլի 20-ին Արցախն ամբողջությամբ հոսանքազրկված է լինելու: Այդ պատճառով կառավարության որոշմամբ անգամ ապրիլի 20-ի աշխատանքային օրն է տեղափոխվել: Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել էր Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը, որը մինչև օրս վերականգնված չէ: Էներգամատակարարումն Արցախում իրականացվում է բացառապես ներքին սուղ ռեսուրսների հաշվին, որոնք անսպառ չեն, և ժամանակ առ ժամանակ խնդիրներ են առաջանում:

Արցախի բնակչությունը 128 օր շարունակ դիմակայում է ոչ միայն շրջափակման հետևանքով առաջացած բազմաթիվ ու բազմաբնույթ դժվարությունների, այլև Ադրբեջանի կողմից հոգեբանական ահաբեկչությանը, Ալիևի ռեժիմի կողմից պարբերաբար հնչող ու գնալով ավելի ագրեսիվ բնույթ ստացող հռետորաբանությանը:

Մինչ միջազգային հանրությունը կոչ է անում անհապաղ բացել միջանցքը, վերականգնել Արցախ – Հայաստան կապը, նաև Բաքու–Ստեփանակերտ ուղիղ երկխոսություն սկսել միջազգային մեխանիզմների ներքո, Բաքվի ռեժիմի կողմից նորանոր սպառնալիքներ են հնչում:

Ոտնահարելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը և արհամարհելով միջազգային հանրության կողմից պարբերաբար հնչող կոչերը՝ Ադրբեջանը չի էլ թաքցնում, որ իր նպատակն Արցախը հայերից ազատելն է, 120 հազար բնիկ հայությանը, այդ թվում՝ 30 հազար երեխաներին իրենց հայրենիքից վտարելը, իրենց հայրենիքում ապրելու իրավունքից զրկելը»,-ասվում է գրառման մեջ:

Վարդանյանը նշել է, որ արցախցիների ճակատագիրը ոչ ոք իրավունք չունի որոշելու:

«Անկախ Հայաստանի և Ադրբեջանի տարատեսակ հայտարարություններից՝ Արցախի ճակատագրի ու ապագայի հարցը չի կարող լուծվել առանց Արցախի ժողովրդի: Մեզ ոչնչացնելու ցանկացած փորձ մեզ ավելի միասնական ու կուռ է դարձնելու: Մենք շարունակելու ենք ամուր մնալ մեր հողի վրա, պաշտպանել մեզ, մեր հայրենիքը, մեր երեխաների ապագան»,-գրել է նա։

Փաշինյանն ԱԺ-ում ասել է, որ «Հայաստանի Հանրապետությունը լիարժեք ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ակնկալում, որ Ադրբեջանը նույնը կանի՝ Հայկական ԽՍՀ ամբողջ տարածքը ճանաչելով որպես Հայաստանի Հանրապետություն» և « …որ պայմանագրին կցվեն Հայկական եւ Ադրբեջանական ԽՍՀ-ների՝ ԽՍՀՄ կողմից հաստատված քարտեզները՝ որպես երկու երկրների տարածքային ամբողջականության հիմք»։ Նա նաև կրկին պնդել է, որ Մադրիդյան սկզբունքներով հայկական կողմը ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս և որ «պետք է առերեսվել այս իրողության հետ»։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ապրիլի 18-ի իր ելույթում հայտարարել է, որ Հայաստանը պետք է հաստատի, որ տարածքային պահանջներ չունի Բաքվից՝ պաշտոնապես հայտարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է։ Նա նաև ասել է, որ Ղարաբաղի հայերը պետք է ընտրեն՝ «կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, կամ բնակության այլ վայր փնտրեն»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---