21 ապրիլի 2023 - 12:54 AMT
ԵՄ-ն Հայաստանում նոր դեսպան կունենա

Եվրոպական Միությունը Հայաստանում դեսպանի նոր թեկնածու է առաջադրել՝ Վասիլիս Մարագոսի։

Նրա թեկնածությունն առաջարկել է Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հայտնում է «Ազատությունը»։

Մարագոսը հիմա ղեկավարում է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդարձակման հարցերով գլխավոր վարչության Բոսնիա և Հերցեգովինայի ու Կոսովոյի խումբը:

Ավելի վաղ նա նույն վարչությունում ղեկավարել է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության խումբը:

Այսօրվա դրությամբ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարը դիվանագետ Անդրեա Վիկտորինն է: