Շվեդիայի ԱԳ նախարարը խնդրել է չեղարկել Հայոց ցեղասպանության միջոցառումը Ռիկսդագում` «դա կարող է վնասել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն»

Շվեդիայի ԱԳ նախարարը խնդրել է չեղարկել Հայոց ցեղասպանության միջոցառումը Ռիկսդագում` «դա կարող է վնասել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուն»

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ին անդամակցելու բանակցությունների փակուղու ֆոնին Շվեդիայի ԱԳՆ-ն, Թոբիաս Բիլստրյոմի գլխավորությամբ, ճնշում է գործադրել հայ-շվեդական բարեկամության խմբի վրա Ռիկսդագում՝ պետական բարձրաստիճան պաշտոնյաներին մասնավոր զրույցներում խնդրելով չեղարկել Հայոց ցեղասպանության այս տարվա ամենամյա միջոցառումը։

Պատգամավոր Բյորն Սյոդերը՝ հայ-շվեդական բարեկամության խմբի ղեկավարը, ասել է, որ ԱԳՆ-ից խնդրել են խմբի անդամներին քննարկել հիշատակի միջոցառումը չեղարկելու հարցը, քանի որ դա կարող է վնասել Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարներին, գրում է Factor.am-ը Europeanconservative-ի վրա հղումով։

«Մեր կուսակցություններում ներքին կարգով մեզ խնդրել են այս տարի միջոցառում չանցկացնել Ռիկսդագում»,-ասել է Սյոդերը։

Ձախ կուսակցության պատգամավոր Հաքան Սվենելինգը նույնպես կոշտ քննադատության է ենթարկել արտաքին գործերի նախարարության գործողությունները:

«Կարևոր է կազմակերպել ցեղասպանության հիշատակի լայնամասշտաբ միջոցառում։ Էրդողանին չպետք է թույլ տրվի որոշել, թե ինչ է կատարվում Շվեդիայի Ռիկսդագում։ Այս ցեղասպանությունը մյուս ցեղասպանությունների նման ամեն տարի ճանաչվում է Ռիկսդագում»,-ասել է պատգամավորը։

Անդրադառնալով այս հարցին՝ արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը SvD-ին ասել է. «Կասկած չկա, որ Օսմանյան կայսրությունում սարսափելի չարաշահումներ են կատարվել հայ էթնիկ խմբի և այլ փոքրամասնությունների նկատմամբ։ Բայց միայն մի քանի երկրների կառավարություններ են հրապարակայնորեն իրենց դիրքորոշումն արտահայտել այդ հարցում և ճանաչել ցեղասպանությունը, և Շվեդիան նրանցից չէ»։

Շվեդիայի ԱԳ նախարարի այս հայտարարությունը տարակուսելի է, քանի որ 2010թ-ին շվեդական Ռիկսդագը ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև։

Նշվում է, որ հայ-շվեդական բարեկամության խումբը միջոցառման չեղարկման վերաբերյալ դեռ որոշում չի կայացրել։ Ապրիլի 26-ին էլ սպասվում է հիշատակի միջոցառում Հայաստանի դեսպանի ելույթով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---