Նովիկովի «Սիռովարնյան»՝ հայկական շնչով. Հյուրընկալություն, ջերմություն, անմիջականություն և բարձր որակ

Նովիկովի «Սիռովարնյան»՝ հայկական շնչով. Հյուրընկալություն, ջերմություն, անմիջականություն և բարձր որակ

PanARMENIAN.Net - 2021-ի մայիսին Երևանի սրտում՝ Հյուսիսային պողոտայում, բացվել է «Սիռովարնյա» ռեստորանը։ Ռուս ռեստորատոր և խոհարար, «Նովիկով Գրուպի» հիմնադիր Արկադի Նովիկովի հանրահայտ ռեստորանը Հայաստան է բերել «Պատրիարխ» ընկերությունների խումբը։

PanARMENIAN.Net ը զրուցել է «Պատրիարխ» ընկերությունների խմբի տնօրեն Լևոն Տեր-Հովհաննիսյանի հետ «Սիռովարնյայի» կոնցեպտի, ռեստորանի առանձնահատկությունների, Արկադի Նովիկովի այցի, ինչպես նաև ցանցի այլ ռեստորանների ու «ամենահայկական» հյուրընկալության մասին։

Ֆիրմային պանիրներ, հայկական գինիներ և իտալական համեր

Երկու տարի առաջ բացված ռեստորանը միանգամից սիրվել է թե՛ տեղացի այցելուների, թե՛ զբոսաշրջիկների կողմից։ Այն երկհարկանի է, ունի ընդարձակ ու լուսավոր սրահներ, ինչպես նաև կանաչապատ վերանդա։ Ռեստորանի հիմքում պանրի սեփական գործարանն է, իտալական գյուղական խոհանոցը՝ սիցիլիական տարրերով և նեապոլիտանական պիցցայով, որը պատրաստվում է փայտի վառարանում։ Ի դեպ, «Սիռովարնյայի» պանիրները կարելի է ոչ միայն փորձել տեղում, այլև գնել ռեստորանի հենց մուտքի դիմաց գտնվող փոքրիկ վաճառակետից։ Պանիրները «Սիռովարնյայի» ճաշացանկի հիմքն են, ինչը պարզ է ռեստորանի անվանումից, ուստի դրանց պատրաստմանը մեծ ուշադրություն է դարձվում։ Պանիրների պատրաստման համար անհրաժեշտ է, որ հատուկ ցեղատեսակի կովերը կերակրման հստակ գրաֆիկ ունենան, ապա կթվեն ժամանակակից տեխնոլոգիայով։ Կարևոր է, որ պահպանվեն կաթի սառեցման ջերմաստիճանային տատանումները, և հումքը ճիշտ պայմաններում տեղափոխվի արտադրամաս։ Սա է պատճառը, որ պանրի արտադրությունը կազմակերպվում է օրվա հատուկ ժամերի։

«Ընդհանրապես «Սիռովարնյաները» ստանդարտ են, բոլորը հստակ կոնցեպտ ունեն՝ նույն ճաշացանկով, խմիչքներով։ Բայց հաշվի առնելով Հայաստանի առանձնահատությունները՝ որոշ ճաշատեսակներ մենք ադապտացրել ենք հայ այցելուի քիմքին։ Եվ, հավատացեք՝ ստացել ենք անթերի արդյունք՝ հաշվի առնելով նաև, որ Հայաստանում մթերքների որակը շատ բարձր է։ Մեր արած որոշակի փոփոխություններ անգամ հետագայում կիրառվել են այլ «Սիռովարնյաներում»։ Հայաստանյան «Սիռովարնյան» տարբերվում է նաև մեկ այլ կարևոր հանգամանքով. մեզ մոտ կան հայկական գինիներ։ Սկզբնական ճաշացանկում դրանք, բնականաբար, բացակայում էին, բայց ժամանակի ընթացքում մենք հասանք նրան, որ այսօր հայկական գինիները ներկայացված են», - պատմում է «Պատրիարխ» ընկերությունների խմբի տնօրենը։

«Սիռովարնյան» շատ արագ է սիրվել այցելուների կողմից, ինչի մասին է վկայում նրանց բարձր գնահատականը և դրական արձագանքները TripAdvisor-ում, որտեղ ռեստորանը մշտապես առաջատար հորիզոնականներում է երևանյան ռեստորանների շարքում։

Նովիկովի այցը՝ մոտիվացիայի նոր աղբյուր

«Արկադի Նովիկովի այցը Հայաստան նախատեսված էր դեռևս 2021-ի մայիսին, երբ բացվեց հայաստանյան «Սիռովարնյան»։ Սակայն որոշակի հանգամանքների բերումով նա չկարողացավ ներկա գտնվել բացմանը, փոխարենը ժամանեց Երևան այս տարվա փետրվարին։ Ու թեև այդ այցը շատ սպասված էր, մեզ համար այն անակնկալ եղավ։ Հայաստան ժամանելու հիմնական նպատակներից մեկը «Սիռովարնյա» այցելությունն էր, և դա հենց այն էր, ինչ Նովիկովը միանգամից արեց՝ Հայաստան ժամանելուն պես», - նշեց Տեր-Հովհաննիսյանը։

Ժպիտով և ջերմությամբ վերհիշելով այցի մանրամասները՝ նա կիսվեց Նովիկովի հայաստանյան տպավորություններով. «Ամենակարևոր հանգամանքը, որը Նովիկովն ընդգծեց, մեր «Սիռովարնյայի» մթնոլորտն էր, որը հատկապես գրավեց նրան։ Խոսքը դիզայնի կամ արտաքին տեսքի մասին չէ, այխ ջերմ ու հյուրընկալ միջավայրի, որը ստեղծել ենք մենք, մեր աշխատակիցները։ Նովիկովն անձամբ շփվեց աշխատակիցների հետ, շրջեց ռեստորանով, մտավ խոհանոց, որոշակի առաջարկներով հանդես եկավ։ Նա շատ հաճելի զարմացած էր և իրեն շատ լավ էր զգում այն փաստից, որ այսպիսի հեռավորության վրա մենք ճիշտ մակարդակի վրա ենք պահում նրա բրենդն ու անունը»։

Բացի «Սիռովարնյայից», Նովիկովը շրջեց նաև ցանցի «Յասաման» ռեստորաններում՝ Ծաղկաձորում, Երևանում և Սևանում, ինչպես նաև «Գինետանն» ու «Համով Տնակներում»։ Ամեն ռեստորանում կանգ առնելիս, փորձեց մենյուի ամենասիրելի ուտեստներն ու իր կարծիքը հայտնեց հայկական խոհանոցի և լոկալ ուտեստների մասին։

«Ընդհանուր շատ տպավորված էր ամեն ինչից։ Նովիկովի այցն ու դրական գնահատականը որպես գործընկեր մեզ համար մեծ պատիվ ու նոր մոտիվացիա է», - ասաց Տեր-Հովհաննիսյանը։

Փորձի փոխանակում, մշտական կատարելագործում և հայկական հյուրընկալություն

«Մինչև «Սիռովարնյայի» բացումը մենք հիմնական աշխատակիցներին մեկ ամսով գործուղել ենք Մոսկվա, որտեղ նրանք շրջել են տարբեր «Սիռովարնյաներում» և անցել են համապատասխան դասընթացներ։ Բացումից հետո «Նովիկով Գրուպի» մեր գործընկերները տարվա ընթացքում պարբերաբար այցելում են Երևան և տեղում փորձարկում ուտեստների համն ու որակը, թրեյնինգներ իրականացնում մեր խոհարարների, ինչպես նաև սպասարկող անձնակազմի հետ։ Մեր աշխատակիցներն էլ, իրենց հերթին, տարվա ընթացքում մի քանի անգամ մեկնում են Մոսկվա՝ փորձի փոխանակման և վերապատրաստումների», - պատմեց ցանցի տնօրենը։

Շուտով հայ խոհարարները հատուկ հրավերով մեկնելու են Մոսկվա՝ տեղի «Սիռովարնյայում» կազմակերպվող հայկական խոհանոցի երեկոյի շրջանակում ներկայացնելու հայկական ուտեստները։

«Սպասարկման ոլորտում անելիքներ միշտ կան. պետք է թարմացնել ճաշացանկը, բարելավել խոհանոցի աշխատանքը, մշտապես բարձրացնել սպասարկման որակը և այլն։ Ուստի մեզ մոտ դասընթացներն ու վերապատրաստումները մշտական բնույթ են կրում։ Մենք մշտապես աշխատում ենք հատկապես սպասարկման մակարդակի վրա, չկա որևէ կետ, որը մենք կհամարենք բավարար և այլևս չենք աշխատի որակի բարելավման վրա։ Մենք երբեք չենք օգտագործում «հաճախորդ» բառը, մեզ համար մեր բոլոր այցելուները հյուրեր են։ Հայկական մշակույթում հյուրընկալությունը հատուկ տեղ ունի, չէ՞ որ հայկական դիցաբանության մեջ կա հյուրընկալության աստված՝ Վանատուրը։ Եվ այցելուներին որպես հյուրեր վերաբերվելն արդեն իսկ շատ բան է փոխում մթնոլորտում, ջերմություն և անմիջականություն է ավելացնում», - նշեց Տեր-Հովհաննիսյանը։

Ոչ միայն բիզնես, այլև նոր արժեքի ստեղծում ու մշակույթի «արտահանում»

Լևոն Տեր-Հովհաննիսյանի խոսքով՝ իրենց ցանցում ռեստորաները ոչ միայն բիզնես են. «Մեզ համար շատ կարևոր է ստեղծել նոր արժեք, նոր միջավայր, առաջարկել մարդկանց մի նոր բան, որն այդ պահին տվյալ տարածաշրջանում չկա։ Մենք կարևորում ենք նաև մարզերում ռեստորանների բացումը և հատկապես կարևորում ենք, որ մարզերում լինի նույն սպասարկման որակն ու մակարդակը, որը կա Երևանում։ Բացի այդ, մենք փոքր չափով, բայց մեր լուման ենք ներդնում տվյալ տարածաշրջանի տնտեսության զարգացման մեջ, որոշակի աշխատատեղեր ենք ստեղծում։ Օրինակ՝ երբ նոր էինք բացել Ծաղկաձորի «Յասամանը», աշխատակիցների հիմնական մասին Երևանից էինք տեղափոխում այնտեղ։ Բայց այսօր մեր Ծաղկաձորի և Սևանի ռեստորաններում աշխատում են բացառապես տեղի և հարակից բնակավայրերի բնակիչներ»։

Տնօրենը հավելեց, որ մարզերում ռեստորանների գործարկումը դիտարկում են նաև որպես Հայաստանում գաստրոտուրիզմի զարգացմանը նպաստող կարևոր գործոն։

Բացի այդ, «Պատրիարխը» կարևորում է հայկականի «արտահանումը» երկրից դուրս։ Այդ կոնտեքստում Մոսկվայի սրտում բացվել է «Մուֆլոն» հայկական ռեստորանը։

«Այն բավականին ակտիվ մտել է ռուսական շուկա և գրավել է ոչ միայն հայազգի սպառողներին, այլև ռուս այցելուների։ Ու թեև Ռուսաստանում բացառապես հայկական խոհանոցով այցելուների գրավելն ավելի բարդ է, քան, օրինակ, եվրոպականով, հեռավորությունն էլ իր հերթին որոշակի դժվարություններ է ստեղծում, բայց պարբերական այցելությունների շնորհիվ կարողանում ենք լուծել բոլոր խնդիրները և հաջողություններ գրանցել», - նշեց Տեր-Հովհաննիսյանը։

Խոսելով ցանցի հետագայի պլաններից՝ նա չցանկացավ շատ բացել փակագծերը, սակայն նշեց, որ առաջիկայում «Պատրիարխ» ընկերությունների խումբը նախատեսում է ընդլայնվել թե՛ Երևանում, թե՛ մարզերում, և թե՛ Հայաստանից դուրս։

1982 թվականից «Պատրիարխ» ընկերությունների խումբը զարգացնում է հյուրընկալության ոլորտը՝ առաջարկելով լավագույն համն ու կայուն որակը: «Պատրիարխ» ընկերությունը ներկայացնում է․Սամվել Ծառուկյանի հիմնադրած Գինետուն ռեստորանը, որ հայտնի է իր դասական և սիրված խոհանոցով, Յասաման ռեստորաններըԾաղկաձորում, Երևանում և Սևանում, որոնք ընտանեկան ու ընկերական հանդիպումների ամենասիրելի վայրերից են, Համով Տնակ PitStop-երը, որտեղ տան հոգատարությամբ պատրաստվող ամենահամեղ ուտեստների համը զարմացնում է մեր հյուրերին ողջ օրվա ընթացքում (24/7), «Նովիկով Գրուպի» հայտնի Սիռովարնյա ռեստորանը, ուր կարելի է բացահայտել իտալական գյուղական խոհանոցն ու տեղում պատրաստվող թարմ պանիրները, Մուֆլոն աուտենտիկ ռեստորանը Մոսկվայում, որ ներկայացնում է հայկական ու կովկասյան խոհանոցը՝ ժամանակակից մատուցմամբ, Բաբո PitStop-ը Մոսկվայում, որ արագ սննդի կետ է՝ մատուցելով ամենաախորժելի լահմաջոն, շաուրման և այլն։ Բացի այդ, «Պատրիարխ» ընկերությունների խմբի մեջ է մտնում նաև «Երանի» ընկերությունը, որը ներկայացնում է տեղական կաթնամթերքի, մսամթերքի, հրուշակեղենի, նպարեղենի ու տարատեսակ կիսաֆաբրիկատների լավագույն ընտրանին։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---