Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Արցախի ԱԺ դիրքորոշմանը

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը զորակցում է Արցախի ԱԺ դիրքորոշմանը

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունների, հայտարարություն է տարածել` մերժելով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հողային ամբողջականության մաս նկատելու որևէ մոտեցում և զորակցություն հայտնելով Արցախի ԱԺ դիրքորոշմանը։

«Մեծի Տանն Կիլիկիո Սուրբ Աթոռը, աշխարհատարած թեմերով, ազգային իշխանություններով ու հարակից կառույցներով ու միություններով, իր ամբողջական զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հայտարարությանը` մերժելով Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հողային ամբողջականության մաս նկատելու որևէ մոտեցում ու ճիգ որևէ մեկի, և այս պարագայում հատկապէս ՀՀ վարչապետի ու իշխանության կողմից»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ 1991-ի դեկտեմբերի 10-ի համաժողովրդական քվեարկությամբ Արցախը ինքնիշխանության իր հավաքական կամքն արդեն արտահայտել է և ապա Հայաստանի Հանրապետության Գերագույն Խորհուրդը 1992-ի հուլիսի 8-ին վերահաստատել է Արցախի ինքնիշխանությունը։

«Միջազգային օրենքի համաձայն ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք։ Հետևաբար, Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը չի կարող զոհը դառնալ համապարփակ խաղաղության հաստատման և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանչնալու փորձերին։

Պետք է լինել արթուն, հեռատես ու մանավանդ՝ միակամ։ Արցախը Ադրբեջանի հողային ամբողջականության մաս կազմելով ոչ միայն կվտանգվի Արցախի ժողովրդի ապահովությունը, այլ նաև Հայաստանի գերիշխանությունը և անվտանգությունը»,-ասվում է հայտարարության մեջ։

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը նաև կոչ է արել հայ ժողովրդին համախմբվել և զորակցել Արցախին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։

Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---