Ղուլյան․ Ի՞նչ է շահել Հայաստանը, երբ համաձայնել է Ադրբեջանի ղեկավարի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին

Ղուլյան․ Ի՞նչ է շահել Հայաստանը, երբ համաձայնել է Ադրբեջանի ղեկավարի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին

PanARMENIAN.Net - Արցախի ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպմանը, հարց է բարձրացրել, թե ի՞նչ է շահել Հայաստանը, երբ համաձայնություն է տվել Ադրբեջանի ղեկավարի մասնակցությանը ԵԱՏՄ նիստին։

«Նախօրեին Մոսկվայում կայացած կեսգիշերային հանդիպումներից լրատվական արտահոսքերը անչափ հետաքրքիր բացահայտումների առիթ են տվել. բազմաթիվ վարկածներ են շրջանառության մեջ դրվել՝ պայմանավորված ու միտումնավոր տապալումներից մինչև հերոսական դիմադրություն ցույց տալու հակադիր դիրքերի ամբողջ երկայնքով: Չտրվելով խորքային վերլուծություն ներկայացնելու գայթակղությանը՝ այնուամենայնիվ, մի քանի նկատառումների շուրջ առաջարկում եմ մտածել՝ ներսից մեզ կրծող կասկածները փարատելու մտադրությամբ.

Եվ այսպես, առաջին դիտարկումները վերաբերվում են Հայաստանը նշված հանդիպումներին ներկայացնող Նիկոլ Փաշինյանին.

-Ի՞նչ է շահել Հայաստանը, երբ համաձայնություն է տվել Ադրբեջանի ղեկավարի մասնակցության մասին իրեն ուղղված առաջարկին,

-Արդյո՞ք այդ «բանավեճից» հետո շարունակվելու են տարածքային ամբողջականությունը կոնկրետ թվերով ճանաչելու միջոցով Հայաստանը փրկելու հեքիաթների տարածումը,

-Երբ Եվրասիական միության ղեկավարների ներկայությամբ ադրբեջանական կողմը մի քանի անգամ նշում է Խանքենդի անվանումը, այդյո՞ք դրանից հետո նույն համառությամբ շարունակելու եք պնդել Ստեփանակերտ-Բաքու երկխոսության օգտակարության և Արցախում ապրող մարդկանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեր «հայտնագործության» մասին:

Մի երկու հարց էլ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին կարելի է ուղղել (ում ներկայությամբ, իսկ գուցեև անմիջական մասնակցությամբ, այդ ամենը հյուսվում է), բայց առայժմ ձեռնպահ կմնամ նրան հրապարակային դիմելու քայլից»,-ասվում է գրառման մեջ։

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---