Փորձագետ. Բանակցությունների հետաձգումը կարող է նշանակել, որ Բաքուն առանցքային մի շարք հարցերի որոշումներ չունի

Փորձագետ. Բանակցությունների հետաձգումը կարող է նշանակել, որ Բաքուն  առանցքային մի շարք հարցերի  որոշումներ չունի

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասի հարցերով Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը, արձագանքելով հունիսի 12-ին Վաշինգտոնում կայանալիք ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հետաձգմանն ադրբեջանական կողմի խնդրանքով, ասել է, որ բանակցությունների հետաձգումը կարող է նշանակել, որ Բաքուն չունի որոշումներ առանցքային մի շարք հարցերի վերաբերյալ։

«Տարբեր մակարդակներում և մայրաքաղաքներում տեղի ունեցած բանակցությունների մի քանի փուլից հետո, քննարկումները թևակոխել են վճռական մի շրջան, երբ պետք է կայացվեն կարևոր որոշումներ՝ խաղաղության ապագա համաձայնագրի կարևոր մասերի, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի հայերի ապագայի և հայ-ադրբեջանական սահմանների սահմանազատման գործընթացի վերաբերյալ»,-ասել է նա, հայտնում է «Ամերիկայի Ձայնը»։

Նա հավելել է, որ շատ կարևոր է շարունակել բանակցությունները բոլոր կողմերի հետ:

«Հուսով ենք, Վաշինգտոնը կշարունակի դա անել՝ իր եվրոպացի գործընկերների հետ»,- ընդգծել է Վարդանյանը:

ԱՄՆ խաղաղության ինստիտուտի Ռուսաստանի և Եվրոպայի գծով ծրագրերի տնօրենի պաշտոնակատար Հեդեր Էշբին իր հերթին ևս կարևորել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի ակտիվ ներգրավվածությունը խնդրի կարգավորմանը:

Իր գրավոր պատասխանում Էշբին ընդգծել է․ «Մինսկի խմբի փլուզումից ու, մասնավորապես, Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո, խաղաղ բանակցությունների համար չափազանց կարևոր է, որ լինեն վստահելի և ակտիվ միջնորդներ, որոնք կարող են սեղանի շուրջ նստեցնել Հայաստանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ զգայուն հարցեր քննարկելու համար»:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի միջնորդությամբ խաղաղ բանակցությունների հաջորդ փուլում ուշադրությունը կենտրոնացած է լինելու երկու հիմնական ոլորտներին: Առաջինը՝ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակն է ու Բաքվի կողմից ղարաբաղահայությանն անվտանգության երաշխիքներ տրամադրելու ծրագրերը:

Ըստ նրա՝ «դա կօգնի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններում վստահություն ստեղծելուն»:

Մյուս ոլորտը, ըստ վերլուծաբանի, Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող տրանսպորտային միջանցքի շուրջ քննարկումներն են:

«Ռուսաստանը և Իրանը երկուսն էլ շահեր ունեն այս միջանցքի հարցում և կփորձեն ազդեցություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի վրա, որպեսզի համոզվեն, որ տրանսպորտային երթուղին չի հակասում նրանց շահերին տարածաշրջանում: Ռուսաստանի համար տրանսպորտային այս միջանցքն ավելի կարևոր է»,- պնդել է նա:

Վերլուծաբանի կարծիքով` բանակցությունները կարելի է համարել հաջողված, եթե կողմերը համաձայնության գան շարունակել հանդիպումները բարձր մակարդակում, ավելի լավ ընկալեն միմյանց դիրքորոշումները և բարդ հարցերի շուրջ արձանագրեն առաջընթաց քննարկումների ընթացքում:

Պաշտոնական Երևանն ու Բաքուն «միջանցք» եզրի շուրջ ունեն տարբեր մոտեցումներ։ Եթե Բաքուն շարունակաբար օգտագործում է «միջանցք» եզրը Ադրբեջանից Նախիջևան կապող ուղու մասին խոսելիս, այն կոչելով «Զանգեզուրի միջանցք», ապա պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ միջանցքային տրամաբանությունը անընդունելի է, և Հայաստանը իր տարածքով անցնող որևէ միջանցք չի պատրաստվում տրամադրել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---