Արցախցիները խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են դնում. Պետնախարարը կհանդիպի նրանց հրամանատարին

Արցախցիները խաղաղապահների զորակայանի մոտ վրաններ են դնում. Պետնախարարը կհանդիպի նրանց հրամանատարին

PanARMENIAN.Net - Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հուլիսի 14-ի առավոտյան մեկնարկած համաժողովրդական անժամկետ շարժման մասնակիցները վրաններ են տեղադրում ռուս խաղաղապահների զորակայանի մոտ։ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը ասել է, որ մի քանի հոգով հանդիպում կունենան Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի հետ, որից հետո ինքը կվերադառնա և կներկայացնի հանդիպման արդյունքները։

«Մեր հաջորդ քայլը՝ հիմա այստեղ տեղադրում ենք վրաններ, և բոլորը վրաններում սպասում են մեր պահանջի կատարմանը։ Կարծում եմ, որ այլևս որևէ տարբերություն չկա մենք սոցիալական, կենցաղային, սննդի հետ կապված խնդիրներով այստեղ ենք, թե Ստեփանակերտում»,- հայտարարել է Ներսիսյանը, հայտնում է Aysor.am-ը։

Հանրահավաքի ժամանակ իր ելույթում նա ասել է, որ որևէ մեկը կասկած չունի, որ արցախցին իր համար կատարված ցանկացած լավությունը գնահատող և բազմապատիկը վերադարձնող տեսակ է և պատերազմից հետո այս բարդ իրավիճակում մշտապես իր երախտիքի խոսքն է ասել Արցախում ռուսական խաղաղապահ ուժերին։

Նա ընդգծել է՝ ուզում են ՌԴ խաղաղապահներին ասել, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնական շահառուն Արցախի ժողովուրդն է, և, երբ հայտարարության կողմերից մեկը չի կատարում իր պարտականությունները, դա չի նշանակում, որ դրա պատճառով առաջացած ծանրագույն հեռտևանքները պետք է կրի արցախցին։

«Մենք այստեղ ենք, որպեսզի արցախցիների խոսքը փոխանցենք խաղաղապահներին, որ ամենևին բարեկամական չէ, երբ Արցախը գտնվում է լիակատար շրջափակման մեջ, բայց մենք ամեն օր տեսնում ենք ուղղաթիռների թռիչքներ», - հայտարարել է Ներսիսյանը։

ՌԴ խաղաղապահների հետ հանդիպումից հետո հավաքի մասնակիցների մի մասը՝ Ասկերանի բնակիչները, կմնան խաղաղապահների զորակայանի մոտ՝ վրաններում, իսկ մնացածը կվերադառնան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ, որտեղ կշարունակվի առավոտյան մեկնարկած հանրահավաքը։

Հուլիսի 14-ի առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման բազմահազարանոց հանրահավաքը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։ Հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Պայքարին միանալու մասին է հայտարարել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Հուլիսի 13-ի ուշ երեկոյան ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ուղերձում հայտարարել էր անժամկետ համաժողորդական շարժում սկսելու մասին:

Նա ասել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում լինելու են ծանր ու անդառնալի հետևանքներ, որը թույլ տալ չի կարելի՝ ուստի, հուլիսի 14-ից Արցախում սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---