Արցախի ՄԻՊ-ը՝ ռուս խաղաղապահներին․ Տեր կանգնեք ձեր մանդատին, մեզ խաղաղություն էր խոստացվել![]() 14 հուլիսի 2023 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկած անժամկետ ժողովրդական շարժման հանրահավաքում հայտարարել է, որ ԱՀ շրջափակումը հասել է օրհասական կետի․ լրջագույնս վտանգված է 120 հազար մարդու՝ այդ թվում 30 հազար երեխայի, 20 հազար տարեցի կյանքը։ Նա նշել է, որ, գտնվելով շրջափակման մեջ և հունիսի 15-ից ամբողջությամբ կտրվելով հումանիտար հասանելիությունից, Արցախի ժողովուրդը կանգնել է թերսնուցման, սովի, Ադրբեջանի կողմից անթաքույց իրականացվող էթնիկ զտման, բռնի հպատակեցման և ցեղասպանության իրական սպառնալիքի ներքո, հայտնում է «Փաստինֆոն»։ Դիմելով ռուս խաղաղապահներին՝ ՄԻՊ-ը կոչ է արել իրական խաղաղություն ապահովել։ «Տեր կանգնեք ձեր մանդատին, մեզ խաղաղություն էր խոստացվել։ Ապահովեք իրական խաղաղություն, բարեկեցիկ կյանք, որ խոստացել եք մեր ժողովրդին»,- ասել է նա։ Ստեփանյանը հավելել է, որ իրավիճակի մասին երկար չի խոսի, որովհետև խոսել է յոթ ամիս շարունակ։ «Ահազանգել եմ բոլորին, խոսել եմ շատերի հետ՝ ամեն հանդիպման ժամանակ զրուցակիցներիցս ակնկալելով հարգանք մեր ժողովրդի նկատմամբ, հարգանք մեր ժողովրդի կյանքի և սեփական հայրենիքում խաղաղ ապրելու իրավունքի նկատմամբ, ակնկալել եմ կարեկցանք, ըմբռնում այն ամենի, ինչ կատարվում է մեզ հետ, խոսել եմ խնդրանքով, ցասումով։ Այսօր արդեն ահազանգի կոչնակը հնչեցնելու հերթական պահն է, որն այսօր այստեղ հավաքվելով միասին պետք է անենք։ Դիմում եմ միջազգային հանրության բոլոր դերակատարներին․ ասում եք մարդու իրավունքնե՞ր․․․ Ես ինչպե՞ս նայեմ այս ժողովրդի աչքերին և ասեմ, որ իրենք էլ ունեն իրավունքներ, ես ինչպե՞ս նայեմ թերսնուցման մեջ գտնվող հղի կնոջ աչքերին, որի երեխան կարող է արատներով ծնվել, ինչպե՞ս նայեմ այն մայրերի աչքերին, որոնց ամենամեծ երազանքն իրենց երեխաների համար մի բուռ միրգ կամ քաղցրավենիք հայթայթելն է, ինչպե՞ս նայեմ հերթերում կանգնած այն մարդկանց աչքերին, որոնք ժամերով հերթ են կանգնում, որ շաքարավազ կամ ձեթ ստանան։ Եվ վերջապես, ես ինչպե՞ս նայեմ այս հողակտորի համար իր ամենաթանկը տված զոհված մոր աչքերին, որն ահաբեկված հայացքով նայում է ինձ՝ վախենալով, որ կկորցնի իրեն մնացած վերջին սրբությունը՝ զավակի գերեզմանը։ Պատասխանեք ինձ, ես ուզում եմ, որ դուք պատասխանեք նրանց, որովհետև ես այլևս պատասխաններ չեմ գտնում։ Գեղեցիկ ու շքեղ դահլիճներում մարդու իրավունքներից խոսելը մի բան է, այդ իրավունքների պաշտպանությունը գործնական քայլերով ապացուցելը՝ մեկ այլ բան»,-շեշտեց Արցախի ՄԻՊ-ը։ Դիմելով միջազգային դերակատաներին ու ռուս խաղաղապահներին՝ Գեղամ Ստեփանյանը պահանջել է մերկապարանոց՝ «կոչ ենք անում, մտահոգված ենք․․․» բնույթի հայտարարություններից ու հրադադարի խախտումների արձանագրումներից դուրս գալ ու դիմել գործնական քայլերի՝ Արցախի ժողովրդի գլխին կախված գոյաբանական վտանգը չեզոքացնելու համար։ Հուլիսի 14-ի առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման բազմահազարանոց հանրահավաքը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։ Հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Պայքարին միանալու մասին է հայտարարել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Հուլիսի 13-ի ուշ երեկոյան ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ուղերձում հայտարարել էր անժամկետ համաժողորդական շարժում սկսելու մասին: Նա ասել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում լինելու են ծանր ու անդառնալի հետևանքներ, որը թույլ տալ չի կարելի՝ ուստի, հուլիսի 14-ից Արցախում սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |