Չեքիջյանը, Մանսուրյանը, Պապյանն ու այլ մտավորականներ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել

Չեքիջյանը, Մանսուրյանը, Պապյանն ու այլ մտավորականներ Սմբատյանի խափանման միջոցը փոխելու միջնորդություն են ներկայացրել

PanARMENIAN.Net - Մի խումբ մտավորականներ դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ միջնորդելով վերանայել Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը։

Հովհաննես Չեքիջյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռուբեն Մաթևոսյանի, Հասմիկ Պապյանի, Ռոբերտ Մլքեյանի, Ռուդոլֆ Խառատյանի, Գևորգ Հակոբյանի, Հովհաննես Այվազյանի,Սերգեյ Խաչատրյանի, Արմեն Հյուսնունցի, Հայկ Մելիքյանի, Հասմիկ Գրիգորյանի, Լիպարիտ Ավետիսյանի,Արմինե Գրիգորյանի, Տիգրան Ձիթողցյանի, Ռուբեն Մուրադյանի ու Կարեն Շահգալդյանի ստորագրած միջնորդությունում նշվում է, որ Սմբատյանի անվան շուրջ ծավալվող անախորժ տեղեկությունները խոր տարակուսանք են առաջացրել ինչպես ներքին, այնպես էլ միջազգային լսարանի շրջանում՝ հայաստանյան և արտասահմանյան գործընկերների, արվեստի աշխարհի հեղինակավոր գործիչների և Սմբատյանի ու Սիմֆոնիկ նվագախմբի երկրպագուների մոտ:

«Մենք համոզված ենք, որ դատական գործընթացը կընթանա թյուրիմացությունների պարզաբանման, իսկությունների վերհանման ուղղությամբ, որի արդյունքում մաեստրո Սմբատյանը հնարավորություն կունենա վերականգնելու իր հայրենանվեր գործունեությունը: Ամենայն հարգանքով օրենքի գերակայության նկատմամբ՝ ցանկանում ենք ընդգծել, որ մաեստրո Սմբատյանի միջազգային մշակութային ներգրավվածության անխաթարությունը նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Հայաստանի Հանրապետության միջազգային վարկանիշի պահպանման խնդիր է: Նվագախմբի գործունեությունը և այս ընթացքում նախատեսված բոլոր միջազգային հյուրախաղերի և նախագծերի իրագործման խափանումն ու չեղարկումը լուրջ վտանգ է մեր երկրի վարկանիշին միջազգային հանրության շրջանում:

Հաշվի առնելով այս բոլոր հանգամանքները, ինչպես նաև գործի քննությունը բացառապես իրավական ճանապարհով իրականացնելու անհրաժեշտությունը՝ մենք՝ ներքոստորագրյալներս, միջնորդում ենք Սերգեյ Սմբատյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերանայել, որպեսզի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հնարավորություն ունենա անցնել իր բնականոն գործունեությանը, հայտարարել 2023թ. սեպտեմբերին մեկնարկող նոր համերգաշրջանի և նվագախմբի գալիք հյուրախաղերի մասին և իհարկե շարունակել հայկական մշակույթը հանրահռչակելու և Հայաստանի անունը ամբողջ աշխարհում բարձր պահելու իր մեծ առաքելությունը»,- նշվում է միջնորդությունում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---